Սեռավարակներ ձեռք բերելը վտանգավոր է ցանկացած տարիքում: Սակայն առավել վտանգավոր է դա 14-17 տարեկան երիտասարդների համար: Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանի խոսքով, այդ տարիքում ձեռք բերված սեռավարակների պատճառով թե աղջիկիների, թե տղաների մոտ կարող են հետագայում շատ լուրջ խնդիրներ առաջանալ:
Առաջին հնարավոր խնդիրը անպտղությունն է: Անպտղության պատճառներից մեկը, Մարատ Զաքարյանի համոզմամբ, հենց երիտասարդ տարիքում ձեռք բերված եւ չբուժված սեռավարակներն են: Տղաների դեպքում սեռավարակների պատճառով ամորձիների բորբոքում, շագանակագեղձի կողմից մեծ փոփոխություններ են լինում, որոնք կարող են թե սեռականության, թե ռեպրոդուկտիվ ֆունկցիաների հետ կապված մի շարք խնդիրներ առաջացնել: Նույն ռեպրոդուկտիվ եւ սեռական խնդիրներին կարող են բախվել նաեւ կանայք, ովքեր վաղ տարիքում սեռավարակներ են ձեռք բերել:
14-17 տարեկան երիտասարդներն առավել խոցելի են, քանի որ, որպես կանոն, չունեն բավականաչափ գիտելիքներ գրագետ պաշտպանության մասին: Այս իսկ պատճառով սեքսապաթոլոգը խորհուրդ է տալիս մինչեւ 18-19 տարեկանը սեռական հարաբերություններ չունենալ, իսկ ունենալիս՝ գրագետ պաշտպանվել: Նրա կարծիքով՝ շատ ավելի ճիշտ եւ անվտանգ է ձեռնաշարժությամբ զբաղվել, քան չպաշտպանված կապի մեջ մտնել, վարակվել եւ հետո երկար տանջվել՝ փոխձելով բուժվել:
Մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ կա սեռավարակներից պաշտպանվելու ընդամենը երեք տարբերակ.
- Հրաժարվել վտանգավոր սեռական ակտից;
- Հավատարիմ լինել մշտական զուգընկերոջը;
- Օգտագործել պահպանակ:
Սեռավարակներից խուսափելու ոչ մի այլ ճանապարհ գոյություն չունի, իսկ պահպանակի ճիշտ եւ հետեւողական օգտագործումը, մասնագետի հավաստմամբ, կարող է պաշտպանել ցանկացած սեռավարակից՝ ցանկացած տարիքում:
Այստեղ հարկ է նշել, որ պահպանակը չպետք է գնված լինի անհայտ տեղից, որտեղ տարիներ շարունակ արեւի տակ էր դրված կամ պահպանվում էր այլ՝ ոչ բարենպաստ պայմաններում: Բնականաբար, պահպանակի պիտանելիության ժամկետը չպետք է անցած լինի, եւ այն պետք է օգտագործվի ճիշտ այնպես, ինչպես բացատրված է տուփի վրա՝ ողջ սեռական ակտի ժամանակ, եւ ոչ թե միայն դրա ավարտին:






