Կոխլեար իմպլանտացիան ներկայիս դրությամբ արտահայտված խլություն ունեցող երեխաների եւ չափահասների  վերականգնման միակ միջոցն է հանդիսանում: Ընդ որում, այն ենթակառույցներ ձեւավորող տեխնոլոգիայի կիրառմամբ է իրականացվում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Աուդիոլոգների միջազգային ասոցիացիայի նախագահ, Աուդիոլոգիայի եւ ձայնապրոթեզավորման ռուսական գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Գեորգի Տավարթքիլաձեն է նշել:

Նրա խոսքով, կոխլեար իմպլանտացիան լսողությունը վերականգնելու, խոսքի ունակություններ ձեռք բերելու, նորմալ, ակադեմիական կրթություն ստանալու, բուհ ընդունվելու եւ լիարժեք աշխատելու հնարավորություն է ընձեռում երեխային: «Դա մի ինքնատիպ, բարձր եւ թանկարժեք տեխնոլոգիա է, որի իրականացումը, բնականաբար, անհնար է՝ առանց պետական աջակցության», - նշել է նա՝ հավելելով, որ, մասնավորապես, Ռուսաստանում բոլոր՝ տարեկան շուրջ 1400  իմպլանտները պետական միջոցներով են ձեռք բերվում: Այս ցուցանիշը, Տավարթքիլաձեի գնահատմամբ, մոտ է պահանջարկին, սակայն ոչ ամբողջությամբ է այն ծածկում: Պետությունը իմպլանտների ձեռքբերման նպատակով տարեկան մոտ 1,5 մլրդ ռուբլի է ծախսում, իսկ հաջորդ տարվանից նաեւ խոսքի պրոցեսորի փոխարինումն ու վերականգնումն է ֆինանսավորվելու:  

Անդրադառնալով միտումների վերաբերյալ հարցին, Տավարթքիլաձեն նշել է, որ նմանատիպ վիրահատությունների թվի աճ եւ տեխնոլոգիայի աստիճանական զարգացում է նկատվում՝ տարեց տարի խոսքի նոր պրոցեսորներ են հայտնվում: «Ըստ էության, դա մի միկրոհամակարգիչ է, որը խոսքն ու շրջակա ձայները էլեկտրոդների միջոցով լսողական նյարդի պահպանված մանրաթելերին փոխանցվող էլեկտրական իմպուլսների վերածելու հատկություն է դրսեւորում», - մեկնաբանել է մասնագետը: 

Հիշեցնելով, որ այս օրերին Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ներդրման 10-ամյակն է նշվում, Տավարթքիլաձեն նկատել է, որ քաղաքաշինության նմանությամբ, տվյալ տեխնոլոգիան եւս ենթակառույցների ձեւավորմամբ է բնորոշվում, քանի որ իր հետեւից նաեւ ունիվերսալ աուդիոլոգիական սքրինինգ՝ նորածնի ձայնային ապարատի հետազոտություն է Հայաստան բերել: «Որքան շուտ ենք ձայնային խանգարումները բացահայտում եւ վերակագնման գործընթաց նախաձեռնում, այնքան առավել դրական արդյունք է ստացվում», - հուշել է նա:

Հիշեցնենք, որ Գեորգի Տավարթքիլաձեն քիթ-կոկորդ-ականջաբանների՝ Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ներդրման 10-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով է Երեւան ժամանել: