Առողջության համընդհանուր ապահովագրությունը պետական բյուջեի համար ոչ միայն ծախս է, այլև եկամուտների մուտքն ապահովող համակարգ։ Դրա մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ըստ նրա՝ բժշկական ծառայությունների ձեռքբերման համար պետության հատկացրած միջոցները հետագայում բժշկական կենտրոններից ստացվող մուտքերի տեսքով վերադառնում են պետական բյուջե։

«Այս տարի 50 բժշկական կազմակերպություն 10,4 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել։ Այս տարի երեք բժշկական կենտրոն ընդգրկվել է խոշորագույն հարկատուների ցանկում»,- նշել է Ավանեսյանը։

Ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, ակտիվություն է նկատվում նաև ներդրումների ոլորտում։

«Մասնավոր բուժհաստատությունները ևս խոշոր ներդրումներ են իրականացնում՝ իրենց կենտրոններն արդիականացնելու և մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Դրական արդյունքներ են արձանագրվել նաև բժիշկների և բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ», - հավելել է նախարարը։