Ֆլորիդայի համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նարնջի կեղևը կարող է լինել սրտանոթային համակարգի վիճակի բարելավման բանալին: Արդյունքները հրապարակվել են Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում։
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիքների որոշ բակտերիաներ նպաստում են սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Որոշակի սննդանյութերի մարսողության ժամանակ աղիքային բակտերիաները տրիմեթիլամինի N-օքսիդ (TMAO) են արտադրում:
Ըստ Քլիվլենդի կլինիկայի հետազոտողների, TMAO-ի մակարդակը կարող է օգնել ապագա սրտանոթային հիվանդությունները կանխատեսելուն:
Գիտնական Յու Վանգը և նրա թիմը ուսումնասիրել են օգտակար ֆիտոքիմիական նյութերով հարուստ նարնջի կեղևի մզվածքների ներուժը՝ TMAO-ի և տրիմեթիլամինի (TMA) արտադրությունը նվազեցնելու գործում: Գիտնականները փորձարկել են երկու տեսակի՝ բևեռային և ոչ բևեռային թորամասերի մզվածքներ:
Բևեռային թորամասերը ստանալու համար գիտնականներն օգտագործել են բևեռային և ոչ բևեռային լուծիչներ՝ նարնջի կեղևի մզվածք ստանալու համար, ասել է Վանգը:
«Եթե խոսենք աղցանի սոուսի մասին, ապա ջրի կամ քացախի մեջ պարունակվող ամեն ինչ բևեռային թորամաս է: Ջրից բացի ձեթի մեջ պարունակվող ամեն ինչ ոչ բևեռային թորամաս է, պարզաբանել է Վանգը: «Մեր օգտագործած լուծիչները լիովին նույնը չէին, ինչ ջուրն ու ձեթը, բայց դրանք օժտված են նման բևեռայնությամբ»:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նարնջի կեղևի մզվածքի ոչ բևեռային թորամասն արդյունավետորեն ճնշում է վնասակար քիմիական նյութերի արտադրությունը։ Հետազոտողները նարնջի կեղևի բևեռային թորամասի մզվածքում հայտնաբերել են նաև ֆերուլոիլպուտրեսցին կոչվող միացությունը, որը նույնպես զգալիորեն արգելակում է TMA-ի արտադրության համար պատասխանատու ֆերմենտը:






