Հոսպիսային եւ ցավամոքիչ օգնության համաշխարհային օրը հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը, այս տարի՝ հոկտեմբերի 11-ին է նշվում:

ԱՀԿ-ի տվյալներով, ներկայումս ցավամոքիչ, ասել է, թե՝ ծանր հիվանդության արդյունքում ի հայտ եկած ցավի, ախտանշանների եւ սթրեսի թեթեւացմանը միտված օգնության կարիք ունեցող 10 հիվանդներից ընդամենը մեկն է այն ստանում:

Հայաստանում ցավամոքիչ օգնությանն առնչվող իրավիճակը եւս բավականին բարդ եւ խնդրահարույց է. երկրում հոսպիսներ չկան, եւ առաջիկա տարիներին էլ դրանց ստեղծումը չի պլանավորվում. ցավամոքիչ օգնության կարիք ունեցող ծանր հիվանդները շարունակում են տնային պայմաններում խնամք ստանալ:

Ինչ վերաբերում է մահացու հիվանդ մարդկանց ցավի թեթեւացման նպատակով կիրառման ենթակա թմրադեղերին, դրանք եւս Հայաստանում ավելի քիչ են կիրառվում, քան պետք է: Թեեւ նման դեղամիջոցների պակաս երկրում չի նկատվում: Պատճառը թերեւս այն է, որ բազմաթիվ բժիշկներ, անհասկանալի պատճառներով, խույս են տալիս հիվանդներին թմրադեղեր նշանակելու հնարավորությունից, իսկ հիվանդներն էլ, իրենց հերթին, վախենում են ընդունել դրանք: Առողջապահական իրավունքի կենտրոնի տնօրեն Վիոլետա Զոպունյանի համոզմամբ, հարցի լուծման համար որոշակի օրենսդրական փոփոխություններ են հարկավոր: Եթե բժշկական կանոնակարգերում հստակ նշված լինի, որ նման դեպքերում կարելի է եւ պետք է նարկոտիկային ցավազրկողներ նշանակել, բժիշկներն այլեւս չեն վախենա անհասկանալի հետեւանքներից եւ առավել հաճախ անհրաժեշտ նշանակումները կանեն:

Ցավամոքիչ օգնությանը ոչ միայն մահացու հիվանդ մարդու ցավի եւ տառապանքների թեթեւացում, այլ նաեւ՝ նրա ընտանիքի անդամներին օժանդակության ցուցաբերում է ենթադրում: Այդպիսի օգնության կարիք տարեկան մինչեւ 20 մլն մարդկանց մոտ կարող է առաջանալ, ոնց շուրջ 6 տոկոսը երեխաներ են, իսկ մեկ երրորդը՝ քաղցկեղով տառապող հիվանդներ: Մյուս դեպքերում խոսքը կենսական կարեւորություն ունեցող օրգանների՝ սրտի, թոքերի, լյարդի եւ ուղեղի ախտահարմամբ բնորոշվող հիվանդություններով ախտորոշված մարդկանց մասին է գնում:

Երբեմն ՄԻԱՎ-ով ապրող կամ կյանքի համար սպառնալիք ներկայացնող հիվանդություններով, մասնավորապես՝ տուբերկուլյոզի՝ դեղամիջոցների դեմ կայուն տեսակներով ախտորոշված հիվանդները եւս կարող է ցավամոքիչ օգնության կարիքն ունենան: