Ռոզա Սարգսյանը՝ հոգեկան հիվանդությամբ տառապող շահառուի մայրը, դժգոհ է Զոլաքսա դեղամիջոցից, որը պետական պատվերի շրջանակներում ստանում է նրա զավակը։ Դեղամիջոցն ընդունելուց հետո զավակի մոտ փսխումներ, սրտխառնոց եւ թուլություն է առաջանում; նա շարունակում է ձայներ լսել, իր մեջ է փակվում, չի ցանկանում խոսել, անկողնուց վեր չի կենում, չի ուտում, իսկ երբեմն ագրեսիվ է դառնում։

Ժամանակին պետական գնումների մասին օրենքով սահմանված կարգով պետության կարիքների համար գնվում եւ հիվանդներին էր բաժանվում այլ հոգեմետ դեղամիջոց՝ Զիպրեքսա անունով, որը, Ռոզա Սարգսյանի խոսքով, շատ արդյունավետ էր, եւ որի օգնությամբ նրա զավակը կարողանում էր լիարժեք կյանքով ապրել։ Սակայն այսօր Զիպրեքսայի փոխարեն գնվում է Զոլաքսան, որից շատերն են դժգոհում։

Ռոզա Սարգսյանի խոսքով՝ Զիպրեքսան ավելի թանկարժեք դեղամիջոց է, քան Զոլաքսան, եւ գուցե հենց այդ է պատճառը, որ պետությունը նախընտրում է ավելի էժանը գնել։ Սակայն տիկին Սարգսյանը հարցնում է, թե ի՞նչ իմաստ ունի գնել եւ պացիենտներին տալ ավելի էժան դեղամիջոցը, եթե շատերը այն չեն կարողանում ընդունել եւ վերադարձնում են բուժհաստատություններին։

Երբ Ռոզա Սարգսյանը դիմել է Առողջապահության նախարարություն, նրան առաջարկել են սեփական միջոցներով գնել թանկարժեք դեղամիջոցը։

«Եթե թոշակառուն ստանում է 27 000 դրամ, ինչպե՞ս կարող է այդ դեղորայքը գնել, - հարցնում է տիկին Սարգսյանը։ - Ես խնամակալն եմ, ստանում եմ 30 000 թոշակ, այդ գումարը ինչպե՞ս կարող է եւ սնունդով ապահովել, եւ դեղորայքով»:

Հոգեմետ դեղամիջոցների այս խնդիրը գրավել է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ուշադրությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը հայտնել է լրագրողներին այն մասին, որ օմբուդսմենը փորձել է որպես միջնորդ հանդես գալ եւ շահառուների ձայնը եւ կարծիքը այս հարցի շուրջ լսելի դարձնել։ Արդյունքում առողջապահության նախարարի հանձնարարականով ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է այս գործը։

«Մենք հետեւողական կլինենք, հուսով ենք, որ նախարարության հետ համագործակցությամբ այդ հարցը կշտկվի։ Նախարարը իր վերջին պատասխանում նշել է, որ եթե հանձնաժողովը հաստատի, որ դեղի կողմնակի երեւույթները գերազանցում են ընդունված սահմանը, դեղը կարող է նույնիսկ շրջանառությունից դուրս գալ, իսկ հին դեղը նորից կվերականգնեն եւ կսկսեն նորից այն գնել», - ասել է Տաթեւիկ Խաչատրյանը։

ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը նույնպես հաստատել է, որ հատուկ ստեղծված խումբը իրականացնում է մշտադիտարկում, որի արդյունքները հավանաբար տարվա վերջին պարզ կդառնան։

Նա նույնպես նշել է, որ նախկինում կիրառվող դեղամիջոցը՝ Զիպրեքսան, իրոք շատ արդյունավետ էր։ Բայց Զոլաքսայից հրաժարվելու համար հիմնավորումներ են անհրաժեշտ։