Կալիֆոռնիայի համալսարանի Քվինսլենդի ուղեղի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ գերինտենսիվ միջակայքային վարժություները հինգ տարով բարելավում են ուղեղի ֆունկցիան տարեցների մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging and Disease ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են 65-68 տարեկան կամավորներ։ Առաջին փուլում փորձարկվողներն անցել են մի շարք թեստեր՝ գնահատելու համար կոգնիտիվ ունակությունները (ուշադրություն, հիշողություն, արձագանքի արագություն), հանձնել են արյան նմուշներ լաբորատոր հետազոտությունների համար եւ թույլատրել են կատարել ուղեղի սքանավորում։
Դրանից հետո մասնակիցները բաժանվել են երեք խմբի եւ սկսել կատարել վեցամսյա մարզական ծրագիրը։ Առաջին խումբը կատարել է բարձր ինտենսիվ միջակայքային վարժություններ (ԲԻՄՎ)։ Սա մարզումների տեսակ է, որոնք բաղկացած են կարճ միջակայքային ֆիզիկական վարժություններից՝ առավելագույն ջանքերի գործադրմամբ, որոնք հերթագայվում են հանգստի փուլերով։ Երկրորդ խումբը մարզվել է միջին ինտենսիվությամբ, վազքուղում, իսկ երրորդը կատարել է հավասարակշռության ձգումներ եւ վարժություններ։
Ծրագրի ավարտից հետո սկսվել է դիտարկումների հնգամյա շրջանը, որի ընթացքում շատ մասնակիցներ վարժությունները չեն կատարել։
Երբ դիտարկման փուլն ավարտվել է, փորձարկվողները նորից կոգնիտիվ ունակությունների ստուգման թեստեր եւ ուղեղի տոմոգրաֆիա են անցել։ Պարզվել է, որ միայն բարձր ինտենսիվ միջակայքային վարժություններն են նպաստել կոգնիտիվ ֆունկցիաների բարելավմանը, որը պահպանվել է պարապմունքների ավարտից հետո հինգ տարվա ընթացքում։ Գիտնականների խոսքով՝ առաջին խմբի մասնակիցները ցուցադրել են հիպոկամպի (ուսուցման եւ հիշողության համար պատասխանատու հատված) կառուցվածքային փոփոխություններ։






