Գլազգոյի համալսարանի և Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ հղիության ընթացքում դասական առողջ սննդակարգի սկզբունքներին հետևելը 22%-ով նվազեցնում է աուտիզմով հիվանդ երեխա ունենալու հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open գիտական հանդեսում:

Հետազոտողներն իրենց գիտական ​​աշխատանքի շրջանակում կենտրոնացել են առողջ սնվելու վրա՝ իբրև աուտիզմի զարգացման գործոններից մեկը: Աուտիզմը (կամ աուտիզմի սպեկտրի խանգարումները) ուրիշներին տեղեկություն հաղորդելու և փոխանցելու գործընթացում  սոցիալական փոխազդեցության և հաղորդակցության խանգարումներով բնութագրվող հոգեկան խանգարումների խումբ է:

Գիտնականները վերլուծել են երկու խոշոր հետազոտությունների՝ «90-ականների երեխաներ» և Նորվեգիայի մայր-հայր-երեխա կոհորտային հետազոտություն անունով հայտնի՝ ծնողների և երեխաների Avon լոնգիտյուդային հետազոտությունների մասնակցած կանանց ապրելակերպի, սննդակարգի և հղիության մասին տեղեկությունները: Ընդհանուր առմամբ դրանց մասնակցել է մոտ 95 հազար զույգ մայր-երեխա։

Գիտնականներն իրենց վերլուծության շրջանակում հայտնաբերել են մի օրինաչափություն. դասական առողջ սննդակարգին հետևող կանայք աուտիզմով երեխա ունենալու 22%-ով ավելի քիչ հավանականություն ունեն, քան նվազ առողջ սնունդ օգտագորխող կանայք: Գիտնականները մրգերի, բանջարեղենի, ընկույզների, ձկան և անխառն ձավարեղենի մեծ քանակով առողջ և միաժամանակ՝ ճարպերի, վերամշակված մսի, զովացուցիչ ըմպելիքների և զտված ածխաջրերով սահմանափակ սպառմամբ սննդակարգը սահմանել են իբրև դիետա: