Էդինբուրգի համալսարանի գիտնականները 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով արհեստական արյունատար անոթներ են ստեղծել, գրում է Interesting Engineering-ը։
Գելանման այս նորարարական խողովակները, որոնք շատ նման են մարդու երակներին, կարող են հեղափոխել սրտի շունտավորման վիրահատությունը և բարելավել ամբողջ աշխարհում բազմաթիվ հիվանդների բուժման արդյունքները: Դրանք կարող են նաև կրճատել առողջապահական ծախսերը և մեծացնել կենսական կարևորություն ունեցող միջոցառումների հասանելիությունը:
Այս բացահայտումը կարող է նաև սիրտ-անոթային հիվանդությունների բուժման ոլորտում հանգեցնել անհատականացված բժշկության ստեղծմանը՝ հնարավորություն տալով արհեստական արյունատար անոթներ ստեղծել՝ հիվանդների անհատական կարիքները հաշվի առնելով:
«3D փոխպատվաստիչը կարող է պատրաստվել 1-ից 40 մմ տրամագծով հաստությամբ՝ կիրառությունների լայն շրջանակի համար, իսկ դրա ճկունությունը նշանակում է, որ այն հեշտությամբ կարող է ինտեգրվել մարդու մարմնի մեջ», - նշում են հետազոտողները:
Դոկտոր Նորբերտ Ռադաչին՝ ուսումնասիրության գլխավոր հետազոտողն, ասել է, որ իրենց բացահայտումները վերաբերում են անոթային հյուսվածքների կառուցման ոլորտում վաղուց առկա խնդրի լուծմանը, այն է՝ մարդու երակներին նման կենսամեխանիկական հատկություններով խողովակի ստեղծումը:
Սրտի շուտավորման վիրահատությունը տարածված պրոցեդուրա է, որն իրականացվում է սրտամկանի արյան հոսքը վերականգնելու համար, երբ կորոնար զարկերակները խցանված կամ նեղացած են:
Սովորաբար, այս վիրահատության ժամանակ վնասված երակները դուրս են հանվում հիվանդի մարմնից: Սակայն, այս գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի բարդությունների, ինչպիսիք են սպիները, ցավը և վարակվելու բարձր վտանգը: Ավելին, չնայած փոքր սինթետիկ փոխպատվաստիչները այլընտրանք են, սակայն դրանց ինտեգրումը մարմնում կարող է դժվար լինել, և դրանք կարող են շարքից դուրս գալ:
Սակայն վերջերս ստեղծված, 3D տպագրված արյունատար անոթները խոստումնալից լուծում են առաջարկում այս խնդիրների համար: Հեռացված երակների համար հեշտ հասանելի և հարմարեցված այլընտրանք տրամադրելով՝ այս տեխնոլոգիան կարող է վերացնել հիվանդի մարմնի վրա վիրահատական միջամտության լրացուցիչ տեղերի անհրաժեշտությունը:






