NEWS.am Medicine-ի թղթակիցները հաճախ են տարատեսակ գիտաժողովների եւ մասնագիտական ասոցիացիաների համագումարների ներկայանում: Այսօր կփորձենք ներկայացնել, թե ինչպիսին է գիտաժողովը՝ լրագրողի աչքերով եւ ինչ է «կադրից դուրս» մնում:
Նախքան մեկնարկը…
Սովորաբար գիտաժողովի մեկնարկից 10-15 րոպե առաջ ենք տեղ հասնում՝ կազմակերպչին, պատասխանատու անձանց սւ հետաքրքիր մարդկանց գտնելու եւ հարցազրույց վարելու մտադրությամբ: Միանգամայն հասկանալի պատճառներով, միջոցառման մեկնարկից հետո այդ ամենի իրականացումն անհամեմատ դժվար կարող է դառնալ: Սակայն ինչպե՞ս գտնել կազմակերպիչներին, եթե դեմքով չես ճանաչում: Ամենատրամաբանական եւ տարածված միջոցը ռեգիստրացիայի բարետես աղջիկներին մոտենալն ու կազմակերպչին կամ մամուլի հետ կապերի համար պատասխանատուին ցույց տալու խնդրանքով դիմելն է: Եթե, բախտի բերմամբ, աղջիկները ոչ միայն բարետես, այլ նաեւ՝ արագ եւ ճիշտ կողմնորոշվող լինեն, կարճ ժամանակ անց կարող են գտնել անհրաժեշտ մարդուն եւ ներկայացնել: Իսկ եթե կրկնակի բախտ ունեք, ի թիվս ամենի, նաեւ ժպիտով մամուլի հաղորդագրություն կառաջարկեն:
Մինչդեռ, երբ աղջիկների հետ կապված բախտն այնքան էլ չի ժպտում, կամ ռեգիստրացիայի մոտ այնպիսի կուտակումներ են առաջացել, որ նրանց մոտենալ անգամ չեք կարող, իսկական «ուրախություն» կարող է սկսվել: Տարածքով մեկ այս ու այն կողմ ես վազում, բժիշկների ու Աստված գիտի՝ էլ ում դեմքը տնտղում եւ հանդգնորեն նրանց բեյջերը զննում: Երբեմն էլ ստիպված ես պատահական մեկին հարցակոխ անել՝ մինչեւ որ կհաջողվի պահանջված մարդուն գտնել:
Լինում են նաեւ դեպքեր, երբ նույնիսկ ռեգիստրացիայի սեղանը չի հայտնաբերվում: Ահա այն տարածքը, որի միջով կարելի է գիտաժողովի սրահ անցնել: Այստեղ որքան ասես՝ փոքրիկ պաստառներ եւ տարբեր դեղագործական ընկերությունների գովազդային արտադրանք կարող ես գտնել, բայց այ ռեգիստրացիան չկա ու չկա: Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներից ես հետաքրքրվում՝ անարդյունք: Ոչ ոք ոչինչ չգիտի՝ բացառությամբ մրցակիցների կողմից ներկայացվող համարժեք դեղամիջոցների նկատմամբ անհամեմատ ավելի «ճիշտ» հրաշք-հաբերի եւ հատուկ՝ պաշտպանիչ գուլպաների մասին անգիր արված տեղեկությունների:
Կազմակերպիչներ եւ մամուլի հետ կապերի պատասխանատուներ
Գիտաժողովների կազմակերպիչները եւ մամուլի հետ աշխատանքի համար պատասխանատուները, որքան էլ տարօրինակ է դիտվում, միանգամայն տարբեր մարդիկ են: Նրանց մի մասը պատրաստ է, գործերը թողնելով եւ խնդրելով գործընկերներին, որ սպասեն, բոլոր հարցերին պատասխանել, հետո էլ, ամենայն պատրաստակամությամբ, ներկայացնել, թե հյուրերից որ մեկի հետ կարելի է զրույց վարել: Երբեմն էլ հենց իրենք են մոտենում հյուրին եւ ներկայացնում: Շփոթվում են՝ խոստովանելով, որ անձամբ չեն կարող թարգմանել եւ սկսում աչքերով ինչ-որ մեկին փնտրել: Ուրախանում են՝ տեղեկանալով, որ թարգմանչի կարիք չկա:
Սակայն երբեմն էլ ակնհայտորեն վատ կազմակերպիչներ են հանդիպում. խոսում են՝ թափթփված՝ իբր զբաղված են եւ չեն կարող ժամանակ հատկացնել՝ մամուլի հետ շփման համար: Որոշ դեպքերում ընդհանրապես ոչնչով զբաղված չեն, երբեմն էլ, գիտաժողովի մեկնարկից երկու րոպե առաջ, սկսում են գործընկերների հետ լեզվակռվի մեջ մտնել՝ պարզելու համար, թե ով է ողջույնի խոսքով հանդես գալու եւ ինչ է ասելու:
Ի միջի այլոց, լինում են նաեւ կազմակերպիչներ, որոնք սեփական նախաձեռնությամբ են լրագրողներին գտնում եւ օգնելու պատրաստակամություն հայտնում: Հենց այսօր՝ օստեոպորոզին առնչվող հարցերին նվիրված սիմպոզիումի ընթացքում մի բարետես կին մոտեցավ ինձ ու գործընկերներիս՝ պարզելու համար, թե արդյոք որեւէ բանի կարիք ունենք եւ մամուլի հաղորդագրության օրինակը ձեռք ենք բերել: Ո՞չ, չե՞ն տվել: «Հիմա, մի րոպեից» - եւ А4 ֆորմատով տպված հաղորդագրություններն արդեն մեր տրամադրության տակ են:
– Է՞լ ինչով կարող եմ օգտակար լինել: Ոչնչո՞վ: Կարիքի դեպքում անպայման դիմեք:
Մանրուք է, բայց միաժամանակ այնքան հաճելի:
Իսկ, օրինակ, նախընթաց օրը կազմակերպված գիտաժողովին, կարծես թե՝ մամուլի ներկայացուցիչների չէին էլ սպասում, քանի որ գործընկերներով մամուլի հաղորդագրության ընդամենը մեկ օրինակ կարողացանք ձեռք բերել, այն էլ՝ կանոններին ոչ համապատասխան կազմված…
Մամուլի հաղորդագրություններ
Սա ընդհանրապես մի առանձին թեմա է: Մամուլի հաղորդագրությունները սովորաբար երկու տեսակի են լինում՝ իդեալական ճշտությամբ (այո, այդպիսիք էլ գոյություն ունե) եւ ոչ այնքան ճիշտ կազմված: Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք՝ իդեալական ճշտությամբ կազմվածները Հայաստանում, ցավոք սրտի, ոչ այնքան հաճախ են պատահում: Ավաղ, քչերն են այն ընկերության տարբերանշանը կրող թղթի վրա տպում, տեքստը՝ կարեւորագույն տեղեկատվությունից սկսում կամ ողջ անհրաժեշտ տեղեկությունը ներառում: Առավել հաճախ մամուլի հաղորդագրությունները լրագրողների համար հետաքրքրություն չներկայացնող՝ ինչ-որ ընդհանուր ձեւակերպումներով են մեկնարկում: Որոշ դեպքերում էլ տեքստը, հակառակ կանոնների, մեկ էջի վրա չի տեղավորվում, այնպես որ սահուն անցում է կատարվում երկրորդ, երբեմն էլ՝ երրորդ էջին: Ընդ որում, ներառված ողջ տեղեկությունները հազվադեպ դեպքերում են անհրաժեշտ կամ հետաքրքիր լինում. որպես կանոն, դրանք լրագրողների համար որեւէ օգտակարություն չներկայացնող՝ օժանդակ տեղեկատվություն են պարունակում: Ի միջի այլոց, երբեմն նույնիսկ առաջին դեմքով գրված հաղորդագրություններ են հանդիպում:
Գիտաժողովների ընթացքում բազմաթիվ այլ՝ հետաքրքիր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնց մասին NEWS.am Medicine-ի առաջիկա նյութերի շրջանակում կպատմենք:






