«Խելացի» սարքերը կարող են օգնել միլիոնավոր մարդկանց, որոնք տառապում են այնպիսի լուրջ խանգարմամբ, ինչպիսին է քնի օբստրուկտիվ ափնոեի համախտանիշը (ՔՕԱՀ), գրել է Medical Xpress-ը։

Դոկտոր Էրնա Սիֆ Արնարդոտիրը, որը ոլորտում աշխատանքի 20-ամյա փորձ ունի, փորձել է գտնել ՔՕԱՀ բուժման արդյունավետ ձեւեր։

ՔՕԱՀ-ը, որով տառապում է 175 մլն եվրոպացի, կապված է առողջության համար բացասական շատ հետեւանքների հետ, ներառյալ դիաբետի եւ սրտային հիվանդությունների բարձր վտանգը, ինչպես նաեւ քրոնիկական ցերեկային քնկոտությունը, որը կարող է ազդել մարդու նորմալ գործելու ունակության վրա առօրյա կյանքում։

Դոկտոր Արնարդոտիրը SLEEP REVOLUTION միջազգային հետազոտական նախագծի գլխավոր հետազոտողն է։ Այդ նախագիծը, որը պետք է ավարտվի 2025թ. (նախագիծը քառամյա է), ներառում է 39 գործընկերային հաստատություններ եւ ընկերություններ Եվրոպայում եւ Ավստրալիայում։

Հետազոտողների թիմը թեստավորում է սարքի օգտագործումը քնի ինքնուրույն մոնիթորինգի համար, որը պացիենտը կարող է կրել տանը։ Երեք գիշերվա ընթացքում այդ սարքը հավաքում է տվյալներ քնի մասին, որոնք փոխանցվում են գործող բժիշկներին։ Նրանք հեռվից կարող են գնահատել պացիենտի վիճակը, ինչպես նաեւ ռիսկը՝ կապված նրա առողջության հետ երկարաժամկետ հեռանկարում։

«Տվյալները, որոնք տրամադրում է սարքը, ինչպես նաեւ հավելվածն ու ապարանջանը, որը կարելի է կրել երկար ժամանակ, կորոշեն մարդու մոտ հիվանդությունների առաջացման անհատական ռիսկը»,- նշել է գիտնականը։