Լոնդոնի Համալսարանական քոլեջի բրիտանացի գիտնականները պարզել են երկարատեւ կորոնավիրուսային վարակի առավել տարածված եւ լուրջ ախտանշանները։ Դրանք են մարմնի տարբեր մասերի ցավերը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of the Royal Society of Medicine (JRSM) գիտական ամսագրում։

Թիմն ուսումնասիրել է ավելի քան 1 000 պացիենտի տվյալները, որոնք հաղթահարել են COVID-19-ը 2020-2022թթ.։ Նրանց ավելի քան մեկ քառորդը (26,5 տոկոս) դժգոհել է գլխացավից, հոդերի եւ որովայնի ցավերից։

Հաճախ հանդիպող ախտանշաններից են նեյրոհոգեբանական խնդիրները, ինչպիսին են տագնապը եւ դեպրեսիան (18,4 տոկոս), հոգնածությունը (14,3 տոկոս) եւ դիսփնոեն (շնչառության դժվարացումը՝ 7,4 տոկոս)։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ախտանշանների, հատկապես ցավերի ինտենսիվությունը միջինն ամեն ամիս ավելացել է 3,3 տոկոսով՝ հիվանդության հայտնաբերումից հետո։

Հետազոտությունը հաստատել է, որ տարեց մարդկանց մոտ ախտանշանների ինտենսիվությունն անհամեմատ ավելի բարձր է։

Հետազոտողները կոչ են արել մշտապես աջակցել երկարատեւ հոսպիտալացումներին COVID-19-ի դեպքում եւ բուժման ռազմավարությունների մշակմանը, որոնք գերակա են համարում ցավի, ինչպես նաեւ տարածված այլ ախտանշանների ճնշումը, ինչպիսին են նեյրոհոգեբանական խնդիրները եւ հոգնածությունը։