Լա Հոյայի իմունաբանության ինստիտուտի ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ բացահայտել են ֆիլովիրուսների (որոնց թվին են պատկանում էբոլա եւ Մարբուրգ վիրուսները) նուկլեոկապսիդային կառուցվածքը։ Այս տեղեկությունը կօգնի արագացնել մահացու վտանգավոր եւ գրեթե անբուժելի վարակների դեմ ունիվերսալ դեղերի ստեղծումը։ Հետազոտությունը հրապարակվել է Cell գիտական ամսագրում։

Էբոլա վիրուսը իր նուկլեոկապսիդային կառուցվածքն օգտագործում է սեփական գենետիկ նյութը տիրոջ բջիջների ներսում պաշտպանելու եւ բազմանալու, ինչպես նաեւ բջջային իմունիտետը ճնշելու համար։ Էբոլան նուկլեոկապսիդի շնորհիվ կարող է տիրոջ վարակված բջիջները վերածել նոր վիրուսների արտադրման ֆաբրիկայի։

Փորձի ընթացքում թիմն օգտագործել է կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիան սառեցված բջիջների ներսում վիրուսի նուկլեոկապսիդների վիզուալացման համար։ Պարզվել է, որ էբոլայի նուկլեոկապսիդը նման է ստացիոնար հեռախոսի պարուրաձեւ ծալված լարի։

Գիտնականները պարզել են, որ ցիլինդրիկ կառուցվածքը բաղկացած է երեք շերտից, որոնցից յուրաքանչյուրը խաղում է իր դերը վիրուսի բազմացման գոծում։ Մինչեւ վիզուալացումը ոչ ոք չգիտեր արտաքին շերտի գոյության մասին։

Հետազոտողների խոսքով՝ նուկլեոկապսիդի կառուցվածքն իմանալը թույլ կտա դրա դեմ ուղղել դեղերը եւ կանգնեցնել ֆիլովիրուսները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ էբոլա եւ Մարբուրգ վիրուսներից առաջացած հեմոռագիկ տենդից մահացությունը տատանվում է 25-90 տոկոսի սահմաններում։