Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կադմիումը, ուրանը, կոբալտը եւ այլ մետաղներ կարող են խորացնել սրտի հիվանդությունները։ Գիտնականները պարզել են, որ այդ մետաղների կուտակման հետեւանքով մարդկանց մոտ առաջացել են ավելի կոշտ կալցիումացված զարկերակներ՝ սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական բաղադրիչը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Սրտաբանության ամերիկյան քոլեջի ամսագրում։ Կոլումբիական համալսարանի թիմը ուսումնասիրել է աթերոսկլերոզը՝ արյունատար անոթների աստիճանական կոշտացում, որն առաջանում է ճարպաբշտերի կուտակման հետեւանքով։ Աթերոսկլերոզը կարող է հանգեցնել նաեւ կալցիումի անառողջ նստվածքների կուտակման զարկերակներում։
Թիմն ուսումնասիրել է միջին տարիքի եւ տարեց 6 400 ամերիկացիների, որոնք սիրտ-անոթային հիվանդություններ չունեին, երբ միացել են հետազոտությանը։
Յուրաքանչյուր մասնակցի մեզի նմուշում ուսումնասիրվել է վեց մետաղների պարունակությունը, որոնք կապված են սրտի հիվանդությունների հետ՝ կադմիում, կոբալտ, պղինձ, վոլֆրամ, ուրան եւ ցինկ։
Մարդիկ, որպես կանոն, կադմիումի ազդեցությանը ենթարկվում են ծխախոտի ծխից, մյուս հինգ մետաղները կապված են գյուղատնտեսական պարարտանյութերի, կուտակիչների, նավթարդյունահանման, ձուլման, օգտակար հանածոների արդյունահանման եւ միջուկային էներգիայի արտադրության հետ։
Գիտնականները մասնակիցներին բաժանել են չորս խմբի, որոնցում տարբեր մետաղների խտությունը մեզում տատանվել է ամենացածր մակարդակից մինչեւ ամենաբարձրը։ Ինչ վերաբերում է կադմիումին, ապա ամենամեծ մակարդակում հայտնված մարդկանց մոտ զարկերակների կալցիումացումը հետազոտության 10 տարվա ընթացքում 75 տոկոսով ավելի բարձր է եղել, քան այն մարդկանց մոտ, որոնք ունեցել են ամենացածր մակարդակը։ Վոլֆրամի, ուրանի եւ կոբալտի համար այդ ցուցանիշները մեզում 45, 39 եւ 47 տոկոսով ավելի բարձր են եղել։ Պղնձի եւ ցինկի ամենաբարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ կալցիումացման մակարդակն ավելի բարձր է եղել 33 եւ 57 տոկոսով՝ ամենացածր մակարդակն ունեցող մարդկանց համեմատ։






