Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները պարզել են, որ կյանքից գոհ լինելը իջեցնում է սրտի նոպայի եւ ինսուլտի հավանականությունը մեծ տարիքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association-ում (JAHА)։
Հետազոտությանը մասնակցել է 121 317 մեծահասակ կամավոր, որոնք սրտի հիվանդություններ չեն ունեցել դիտարկման խմբում ընդգրկվելու պահին։ Նրանց միջին տարիքը կազմել է 57-ը, 45 տոկոսը տղամարդիկ էին։ Փորձարկվողներին խնդրել են գնահատել իրենց գոհունակությունն ընտանեկան, ընկերային հարաբերություններից, առողջությունից, ֆինանսներից եւ աշխատանքից, ինչպես նաեւ բնութագրել իրենց երջանկության մակարդակն ըստ հատուկ սանդղակի։ Նկարագրող տերմինները տատանվել են «խիստ երջանիկ»-ից մինչեւ «չափազանց դժբախտ»-ի սահմաններում։
Տեղեկության հավաքումից հետո սկսվել է դիտարկումների շրջանը։ 12 տարվա ընթացքում գիտնականները գրանցել են բոլոր սիրտ-անոթային դեպքերը մասնակիցների հիվանդության պատմություններում։ Պարզվել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ընդհանուր ռիսկը 10-21 տոկոսով ավելի ցածր է եղել այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են կյանքից գոհ լինելու ամենաբարձր ցուցանիշները։
Մասնավորապես, ամենաերջանիկ փորձարկվողների մոտ սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը ցածր է եղել 44 տոկոսով, ինսուլտինը՝ 45 տոկոսով, սրտային անբավարարության ռիսկը՝ 51 տոկոսով, իսկ սրտի նոպայի հավանականությունը՝ 56 տոկոսով։
Լրացուցիչ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարեկեցության բարձր մակարդակ ունեցող մարդիկ, որպես կանոն, ավելի առողջ կենսակերպ են վարում եւ աչքի են ընկնում օրգանիզմում բորբոքումների ավելի ցածր մարկերներով։ Այս գործոնները ինքնատիպ պաշտպանություն են սրտի եւ անոթների հիվանդություններից։






