Վերին կոլիկուլուսը միջին ուղեղի այն մասն է, որն, ինչպես ընդունված է կարծել, օգնում է կենդանիներին կողմնորոշվել տարածությունում, օրինակ՝ հայացքը եւ գլուխն ուղղել լույսի վառ բռնկմանը։ Նոր հետազոտությունը, որն իրականացրել է Չիկագոյի համալսարանը, ցույց է տալիս, որ ուղեղի այդ հատվածը նաեւ կարեւոր դեր է խաղում բարդ կոգնիտիվ խնդիրների կատարման հարցում, ինչպիսին են վիզուալ կարգայնացումը եւ որոշումների ընդունում։
Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում, գիտնականները չափել են գլխուղեղի այն բջիջների ակտիվության պատերններում պարունակվող ինֆորմացիան, որոնք մասնակցում են վիզուալ կարգերի մասին որոշումների ընդունմանը։ Հետազոտողները հետեւել են վերին կոլիկուլայի (SC) եւ հետին գագաթակեղեւի (PPC) ակտիվությանը։ Սա գլխուղեղի կեղեւի այն հատվածն է, որը կարեւոր է վիզուալ կարգային որոշումների կայացման համար։
Ի զարմանս իրենց՝ հետազոտողները հայտնաբերել են, որ SC ակտիվությունը անգամ ավելին է եղել, քան PPC-ինը փորձարկվողների կողմից կարգերի մասին որոշումներ կայացնելիս, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն օգնում է կոորդինացնել բարձր կարգի կոգնիտիվ պրոցեսները, որոնք, ինչպես ավանդաբար կարծել են, տեղի են ունենում նեոկորտեկսում։
«Դա իսկապես զարմանալի հատված է, որտեղ կարելի է հայտնաբերել այդպիսի կոգնիտիվ ազդանշաններ, որովհետեւ ուղեղի այդ մասը սովորաբար ասոցիացվում է տարածությունում ավելի պարզ կողմնորոշման եւ անգամ ավելի ռեֆլեքսիվ ֆունկցիաների հետ։ Մենք ունենք ուղեղի էվոլյուցիոն հին կառուցվածք, որը, ըստ երեւույթին, անգամ ավելի շատ է գործում բարդ կոգնիտիվ որոշումներ կայացնելիս, քան կեղեւի հատվածները, որոնք մենք ուսումնասիրել ենք մեր փորձերում»,- նշել են հետազոտության հեղինակները։






