Կոպենհագենի համալսարանի իրականացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք ողջ աշխարհում կարող են ավելի արդյունավետ բուժում ստանալ արհեստական բանականության օգտագործման օգնությամբ, որը թույլ կտա պարզել վնասված բջիջները եւ ավելի ստույգ կանխատեսել կաթնագեղձի քաղցկեղը։
Կաթնագեղձի քաղցկեղը քաղցկեղի առավել տարածված ձեւերից է։ 2022թ. այդ հիվանդությունը դարձել է 670 000 մահվան պատճառ ամբողջ աշխարհում։ Հիմա նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ արհեստական բանականությունը կարող է օգնել կանանց բարելավել բուժումը՝ սքանավորելով ոչ ճիշտ ձեւի բջիջները, որպեսզի ավելի լավ գնահատվի ռիսկը։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Digital Health ամսագրում, ցույց է տվել, որ ԱԲ տեխնոլոգիան շատ ավելի լավ է կանխատեսում քաղցկեղի առաջացման վտանգը, քան կաթնագեղձի քաղցկեղի ռիսկի գնահատման ժամանակակից կլինիկական չափորոշիչները։
Կարեւորը գնահատման հարցում մահացող բջիջների հայտնաբերումն է՝ պայմանավորված դրանց ծերացմամբ։ Ծերացող բջիջները դեռ մետաբոլիկ առումով ակտիվ են, բայց այլեւս չեն բաժանվում։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծերացման այս վիճակը կարող է օգնել ճնշել քաղցկեղի առաջացումը։ Բայց ծերացող բջիջները կարող են նաեւ բորբքում առաջացնել, որը կարող է հանգեցնել ուռուցքի առաջացման։
Օգտագործելով ԱԲ-ն՝ փնտրելու համար ծերացող բջիջները հյուսվածքներում, հետազոտողները կարողացել են կանխատեսել կաթնագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը ավելի լավ, քան Գեյլի մոդելը, որը ներկայում կաթնագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գնահատման ոսկե ստանդարտն է։
Գիտնականները ԱԲ տեխնոլոգիան կիրառել են բջիջների հանդեպ, որոնք միտումնավոր վնասվել են, որպեսզի առաջ բերեն դրանց ծերացումը։ Հետո հետազոտողները ԱԲ-ն կիրառել են դոնորների հյուսվածքների հանդեպ՝ պարզելու համար ծերացող բջիջները։
«Մենք երբեմն դրանք անվանում ենք զոմբի բջիջներ, որովհետեւ դրանք կորցրել են իրենց ֆունկցիաների մի մասը, բայց լիովին մեռած չեն։ Դրանք կապված են քաղցկեղի առաջացման հետ, ուստի մենք մշակել ենք բջիջների ծերացման կանխատեսման ալգորիթմ։ Մեր ալգորիթմը հաշվի է առնում բջջամիջուկի ձեւը, որովհետեւ միջուկը դառնում է ավելի սխալ, երբ բջիջները ծերանում են»,- բացատրել են հետազոտության հեղինակները։






