Նյուքասլի համալսարանի գիտնականները (Ավստրալիա) հայտնաբերել են կապ կանանց ասթմայի եւ նրանց նորածինների աուտիկ սպեկտրի խանգարմամբ (ԱՍԽ) ծնվելու միջեւ։ Հետազոտությունը հրապարակվել է Brain, Behavior, & Immunity – Health (BBIH) գիտական ամսագրում։
Թիմը հայտնաբերել է, որ մոր որոշակի բորբոքային գեների էքսպրեսիան նպաստում է երեխայի աուտիզմի հավանականությանը կյանքի առաջին 12 ամիսներին։
Աուտիզմի ընդհանուր գծերը ներառում են սոցիալական փոխգործակցության դժվարությունները, կրկնվող վարքը եւ բարձր զգայականությունը սենսորային ազդանշանների հանդեպ, ինչպիսին է լույսը կամ ձայնը։ Կարծիք կա, որ աուտիզմի հարցում ավանդ ունեն գենետիկ, էկոլոգիական եւ իմունային գործոնները։
Գիտնականներն ընտրել են մայր-երեխա 24 զույգ։ Մասնակիցները ներկայացրել են մոր արյան նմուշներ հղիության ժամանակ եւ ավարտել իրենց նորածինների վաղ վարքային գնահատականով։
Այդ նմուշներից վերցվել է ՌՆԹ, չափվել է 249 գեների ակտիվությունը, որոնք մասնակցել են բորբոքմանը։
Երբ լրացել է նորածինների 12 ամիսը, մասնագետներն օգտագործել են ծնողական հաշվետվության First Year Inventory (FYI) գործիքը վարքի հավանականության գնահատման համար՝ կապված աուտիզմի հետ։
FYI-ը գնահատում է աուտիզմի վաղ նշանները երկու կարեւոր ոլորտներում՝ սոցիալական հաղորդակցության եւ սենսորային կարգավորման։ FYI 19,2 կամ ավելի բարձր բալ ունեցող նորածինները դասակարգվել են որպես աուտիզմի բարձր հավանականություն ունեցողներ։
24 նորածիններից չորսի մոտ հայտնաբերվել է վարքի բարձր հավանականություն՝ կապված աուտիզմի հետ, այն դեպքում, երբ մնացած 20-ի մոտ հավանականությունը ցածր է եղել։
Հետաքրքիր է, որ բարձր հավանականության խմբի փոքրիկների մայրիկները վեց բորբոքային գեների ակտիվություն են ունեցել՝ CYSLTR2, NOX1, C1QA, CXCL10, C8A եւ IL23R։
Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ այդ գեներից երկուսը՝ CYSLTR2-ը եւ CXCL10-ը, հաստատ կապված են եղել փոքրիկների սոցիալական հաղորդակցության դժվարությունների հետ, ինչը չափվել է FYI-գնահատականներով։
Բացի այդ, երկու այլ գեներ՝ ALOX5-ը եւ MAFK-ը, կապ են ունեցել սենսորային կարգավորման հետ։ Դրանից է կախված, թե ինչպես են երեխաները մշակում եւ արձագանքում սենսորային ազդակներին՝ ձայնին, լույսին կամ հպմանը։
Հետազոտությունը մատնանշում է աուտիզմի հավանականության կանխատեսման պոտենցիալ նոր միջոցի մասին հղիության ժամանակ, նշել են գիտնականները։






