Ո՞րն է մարդու կյանքի սահմանագիծը, իրականում որքա՞ն կարելի է այն երկարացնել, և ի՞նչ տեխնոլոգիաներ դրան կնպաստեն։ Իսկ ի՞նչ անել, երբ տարեցներն ավելի շատ են, քան երիտասարդները. ո՞վ է աշխատելու։ Ահավասիկ հարցեր, որոնք քննարկվել են «Ինչպե՞ս երկարակեցությունը կփոխի հասարակությունը: Ժողովրդագրական փոփոխությունների սոցիալական և մշակութային հետևանքները» նոյեմբերի 4-6-ը Մոսկվայում անցկացվող «Ստեղծելով ապագան» գիտաժողովի ընթացքում:
Կիրառական ֆուտուրիստ Դանիլա Մեդվեդևի համոզմամբ՝ կյանքի իրական երկարացման համար մեզ անհրաժեշտ է «ըմբռնման վրա հիմնված բժշկություն, որը ոչ միայն ձեզ հետ ինչ-որ բան է անում, որը լավ է վաճառվում, ինչպես օրինակ «Օզեմպիկի» հաբերը կամ ներարկումները, այլ անում է մի բան, որը ձեզ հաստատապես կօգնի»:
Իսկ դա, ըստ Մեդվեդևի, ենթադրում է ուղեղների առկայություն։ Մասնավորապես, նա կարծում է, որ հայտնի կենսահաքերներ Բրայան Ջոնսոնը և նրա որդին, ովքեր փորձարկումներ են անում արյան փոխներարկման ոլորտում, ավելի քիչ հնարավորություն ունեն «մինչև անմահություն ապրելու» համար, քան մոլախաղերով և ֆոնդային բորսայում հարստացած «սուպերխելացի» Էդվարդ Թորփը, որը մտածում է՝ ինչպես կարելի է հաղթել մահին՝ կանոնակարգված, ռազմավարական մտածողություն կիրառելով: Չնայած այն հանգամանքին, որ Բրայան Ջոնսոնը 47 տարեկան է, իսկ Թորփն արդեն 90-ն անց է։
«Կանոնակարգված ըմբռնումը պահանջում է, որ տեխնոլոգիայիներից անցում կատարվի դեպի առողջություն, հիվանդությունների բուժումից մինչև կյանքի երկարացում: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բժշկական համալսարանները վերջապես ազնվորեն ասեն, որ մեր նպատակը կյանքը երկարացնելն է, իսկ դրա գործիքը՝ նախքան մարդու հիվանդանալը նրա օրգանիզմում միջամտություն անելն է։
Դասական փուլերում, թե ինչպես է փոխվում մարդու առողջությունը, գոյություն ունի կենտրոնական տարր՝ նախահիվանդություն կոչվող պահը:
Որոշ իրավիճակների դեպքում դա բժշկությունն արդեն ընդունել է. օրինակ՝ նախադիաբետիկ վիճակը: հարկ է հասկանալ, որ առողջությանը պետք է միջամտել՝ նախքան այն քայքայելը: Առողջական խնդիրների սկսվելուց առաջ: Դա նշանակում է, որ ամբողջ բժշկական համակարգը պետք է փոխվի»,-նշել է Դանիլա Մեդվեդևը։
Ֆուտուրոլոգը ենթադրում է, որ այժմ «անմահությունը կարելի է փողով գնել»: «Մենք պետք է շատ պարզ բան անենք՝ վերցնում ենք մահամերձին, վերցնում ենք առողջ երիտասարդին, մահամերձի գլուխը միացնում ենք երիտասարդի մարմնին, և խնդիրը լուծվում է։ Եթե, իհարկե, երիտասարդը կենսաբանորեն համատեղելի է»,-ասել է նա՝ հիշեցնելով նյարդավիրաբույժ Սերխիո Կանավերոյի գլխի փոխպատվաստման փորձերը։
«Դուք անում եք այս վիրահատությունը, և բոլորը շահում են. երիտասարդին հասանելի են դառնում ռեսուրսներին, գիտելիքներին, վարկանիշին, շփումներին, իսկ տարեցը ավյուն, ինչպես նաև ձեռք ու ոտք է ստանում: Հաշվի առնելով, թե ինչպես է այժմ զարգացած տեխնոլոգիան, ոչ ոք չի էլ նկատի, որ դա տեղի է ունեցել, քանի որ դուք կարող եք շփվել Zoom-ով, նույնիսկ եթե ձեր գլուխը փոխպատվաստվի մեկի մարմնին, ձեր ձայնը սինթեզվի, պատկերը շտկվի, և մարդը կարող է շարունակել ապրել և նորմալ աշխատել»,-եզրափակել է նա։
Կենսահերոնտոլոգ Ալեքսեյ Մոսկալյովն իր հերթին առաջարկել է մարդկանց առայժմ հանգիստ թողնել և փոխպատվաստել մկների գլուխները։ «Սկսենք մկներից, եթե ինչ-որ մեկը դա անի, դա կլինի Նոբելյան մրցանակ և առաջընթաց գիտության մեջ»,- նշել է նա։
Մոսկալյովը պատմել է իր ղեկավարած լաբորատորիայում դրոզոֆիլա ճանճերի կյանքը երկարացնելու հաջող փորձերի մասին։ «Համատեղելով որոշակի գենետիկ փոփոխություններ, տարբեր ֆիզիկական և դեղաբանական ազդեցություններ՝ մենք հատել ենք տեսակների սահմանը։ Դրոզոֆիլաներն ապրում են միջինը 60 օր, մեր լաբորատորիայի ճանճերը՝ 213 օր, և սա բացարձակ ռեկորդ է ավելի քան 100 տարվա ընթացքում։ Այլ հարց է, որ այն ամենը, ինչ մենք արել ենք այս ամենապարզ կենդանիներ հետ, հնարավոր չէ փոխանցել մարդկանց»,-նշել է նա:
Խնդիրն, ըստ գիտնականի, այն է, որ մարդն, ի տարբերություն դրոզոֆիլաների, երկարակյաց արարած է, և կյանքը երկարացնելու համար մեզ պետք են ոչ միայն փորձեր, այլ ծերացման կենսամարկերներ, այսինքն՝ չափելի ցուցիչներ, որոնք կարելի է չափել մի քանի տարիների ընթացքում և համոզվել, որ ծերացման գործընթացն իսկապես դանդաղել է:
«Կենսաբանական տարիքը գնահատելու համար մենք նման տեխնոլոգիաներ ենք մշակում։ Օրգանիզմի տարբեր ֆունկցիոնալ համակարգերը ծերանում են տարբեր տեմպերով, նման բազմաչափ տարածության մեջ անհրաժեշտ է երկար ժամանակ վերահսկել մարդուն, և այժմ, ըստ իս, մոտ ապագայում հնարավոր կլինի կանխարգելիչ բժշկությունից անցում կատարել երկարակեցության բժշկության։
Ո՞րն է դրանց տարբերությունը: Կանխարգելիչը՝ խոսքը ստատուս քվոյի մասին է: Հիվանդությունը բացահայտելը և մարդուն այդ վիճակում թողնելը, նրան կոնսերվացնել, որպեսզի այլևս չհիվանդանա: Իսկ երկարակեցության բժշկությունը ամբողջ կյանքի ընթացքում պարամետրերի թվայնացումն է և տարիքային նորմայի համեմատությունը։ Բանն այն չէ, թե մենք պարզապես փորձում ենք թույլ չտալ, որ մարդը հիվանդանա, այլ այնպես ենք անում, որ նա մնա իր տարիքային խմբում կամ ըստ իր կենսաբանական տարիքի՝նույնիսկ ավելի վաղ կատեգորիա փոխադրվի։ Դա հրաշալի նպատակ է, որին արժե հասնել»,- պատմում է Մոսկալյովը։
Գիտնականի համոզմամբ՝ մարդկային կյանքի սահման, այնուամենայնիվ, կա, որից այն կողմ մենք ի վիճակի չենք ցատկելու։ Հաշվի առնելով ներկայիս իրողությունները՝ դրա սահմանը 110-120 տարի է, «բայց գիտափորձերը ցույց են տալիս, որ եթե ծերացումը՝ որպես այդպիսին, հաջողվի դանդաղեցնել, կարող եք հատել նաև այդ սահմանը»։
Նիստը վարող, գիտական լրագրող Սերգեյ Մալոզեմովը հիշեցրեց, որ մարդու օրգանիզմը հաճախ դիտարկվում է իբրև կոնստրուկտոր, որպես բազմաթիվ մասեր ունեցող տեխնիկական մեխանիզմ, և եթե անհրաժեշտ է երկարացնել այդ մեխանիզմի կյանքը, անհրաժեշտ է պարբերաբար սպասարկել այն և անպետք մասերը փոխարինել: Եվ հենց այս խնդրին են այսօր անդրադառնում օրգանների կենսատպագրության մասնագետները:
Կենսաբժշկական ճարտարագիտության ինստիտուտի տնօրեն Ֆեդոր Սենատովն էլ պատմել է, որ կենսատպագրության հասկացությունն ի հայտ է եկել մոտ 20 տարի առաջ, սակայն մինչ այժմ գիտնականները դեռ չեն կարողացել լիարժեք սիրտ կամ երիկամներ տպել։ Տարբեր երկրների գիտնականներն առայժմ կարողանում են միայն հարթ և սնամեջ օրգաններ տպել։ Օրինակ՝ քիթը, ականջը կամ արյունատար անոթները։
«Անցյալ տարի աշխարհում առաջին անգամ МИСИС-ը, 3Dbio ընկերությունը և Բուրդենկոյի հիվանդանոցը հյուսվածքներ են տպել անմիջապես կենդանի մարդու վրա: Դա արել է հատուկ նախագծված ռոբոտը, որը սկանավորել է թերությունը և սեփական բջիջներով փակել հիվանդի փափուկ հյուսվածքի թերությունը»,- պատմում է Մալոզեմովը։
Կուրչատովի ինստիտուտի գիտաշխատող Մաքսիմ Պատրուշևը նկատեց, որ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն պատասխանել այն հարցին, թե ինչու ինքը պետք երկար ապրի։ Բայց ինչի՞ համար է դա մարդկությանն անհրաժեշտ որպես տեսակի:
«Մենք, ինչպես ցանկացած կենսաբանական տեսակ, ձգտում ենք որպես այդպիսին, պահպանել այդ տեսակը։ Իսկ երբ խոսում ենք երկարակեցության տեխնոլոգիաների մասին, պետք է պատասխանել հարցին՝ հանուն ինչի՞։ Դրանից ի՞նչ կշահի հասարակությունը, տեսակը, քաղաքակրթությունը»։
Նա առաջարկեց երևակայել Բարաբանիա կոչվող ինչ-որ հիպոթետիկ երկիր, որտեղ բոլոր բնակիչները բազմանում են միայն արտամարմնային բեղմնավորման (ԱԲ) տեխնոլոգիայի միջոցով: Եթե նախաիմպլանտացիոն ախտորոշումը միացվի արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիայի հետ՝ հայտնաբերելու համար վատ գեները, ապա հնարավոր է ընտրել այն սաղմերը, որոնք հիվանդության գեներ չեն կրի։ Այդ ժամանակ Բարաբանիայի բնակիչների հաջորդ սերնդում ի հայտ կգա պոպուլյացիա, որը միջինը 20-25 տոկոսով ավելի երկար կապրի։ Հաջորդ քայլով կարելի է գործի դնել գենոմի խմբագրման տեխնոլոգիաները և շտկել մնացած թերությունները։ Եվ կստացվի էլ ավելի երկարակյաց պոպուլյացիա: Իսկ թե որքանով այն երկարակյաց կլինի, դեռ պարզ չէ, քանի որ կան բնական սահմանափակիչներ՝ բջիջների տրոհման սահմանը։
«Եվ վերջապես, հաջորդ փուլը, երբ մենք գործի ենք դնում սինթետիկ կենսաբանության ամբողջ զինանոցը և ոչ միայն խմբագրում ենք գենոմը, այլև այս բնակիչների գենոմում ինտեգրում ենք ինչ-որ սինթետիկ կինետիկ ցանցեր, որոնք հնարավորություն են տալիս նրանց ավելի երկար ապրել: Բայց այստեղ պետք է հասկանանք, որ սկսվում է տեսակի տարանջատումը, առանձին վերցրած տեսակի մեկուսացումը, քանի որ արդեն ձևավորում ենք կենդանի օրգանիզմներ մեկ այլ տեսակ։ Արդյո՞ք դա ընդունելի է էթիկական տեսանկյունից, այդ հարցն արդեն հասարակությանը պետք է ուղղել»,-նշում է Պատրուշևը։
Նրա համոզմամբ՝ նախքան երկարակեցության մասին բանավեճ սկսելը պետք է դիմել մեր մոլորակին և գլուխ հանել մարդածին բեռնվածությունից, որը կամաց-կամաց մեզ տանում է դեպի կոլլապս՝ էկոլոգիական, քաղաքակրթական։
«Եթե ուզում ենք հասնել տեսակի երկարակեցությանը, ուրեմն մի կողմից պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիական արտադրությունը, մյուս կողմից՝ պահպանել մոլորակը։ Եվ սա ծածմծմված խնդիր չէ, քանի որ ռեսուրսները սպառվում են, ջուրը սպառվում է, և մենք դեռ ուզում ենք մարդկանց կյանքն էլ ավելի երկարացնել, անձամբ ես չեմ հասկանում՝ ինչու»,- եզրափակեց նա։
Ազգային հետազոտական համալսարանին առընթեր տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ներկայացուցիչ Եկատերինա Միտրոֆանովան պարզաբանեց, թե ժողովրդագրական տեսանկյունից ինչ է նշանակում ծերացող հասարակություն։ Դա այն է, երբ տարեց բնակչությունը ավելի շատանում է: «Ինչի՞ հաշվին է դա տեղի ունենում: Նախ՝ ծնելիության անկումից: Երկրորդ՝ նրա հաշվին, որ բնակչությունն ավելի երկար է ապրում»,- նշում է նա։
Մասնագետը ներկայացրեց, թե ներկայում Ռուսաստանում ինչ տեսք ունի տարիքային բուրգը. շատ քիչ ուսանողներ, բավական շատ՝ 30 տարեկաններ, դա ամենամեծաթիվ սերունդն է, և բավական շատ են 50-60 տարեկանները։
«Մոտ հինգ տարի առաջ մեր տնտեսությունն, այսպես կոչված, տնտեսական դիվիդենտ ուներ, երբ բնակչության կառուցվածքն այնպիսին էր, որ աշխատունակ տարիքի շատ մեծ բնակչություն կար։ Դա հաջողություն է տնտեսության համար, բայց բուրգը շարժվում է դեպի վեր։ 15 տարի անց կստեղծվի մի իրավիճակ, երբ 20-ամյա երիտասարդների փոքր խումբը կբարձրանա բուրգի կենտրոն և կդառնա տնտեսության հիմքը։ Եվ սա լուրջ որոշումներ կայացնելու իրավիճակ կստեղծի։ 2030-ին, հետո 2060-ին, բարձրակետեր կլինեն և մենք լուրջ իրավիճակի կառնչվենք։ Մեկ աշխատող մարդուն բաժին կընկնեն և՛ ծնողներ, և՛ երեխաներ, այսինքն սերունդների յուրօրինակ բրդուճ կստացվի»,- նշեց նա՝ հավելելով, որ շատ երկրներում 20-60 տարեկան աշխատունակ բնակչության մասնաբաժինը նվազում է:
Ըստ ժողովրդագրի՝ այդ իրավիճակն անշրջելի է, քանի որ մարդիկ արդեն ծնվել են, բայց կանխատեսելի է։ Եվ որոշ գործիքներ, ինչպիսին միգրացիան է, կարող են օգտագործվել բնակչության որոշակի սերտախմբերի պակասը լրացնելու համար: Միաժամանակ Միտրոֆանովան ենթադրում է, որ բնակչության ծերացումն այնքան էլ սարսափելի կանխատեսում չէ։
«Նախ՝ ծերացումը հիմա առողջարար երևույթ է, ինչը մեծ ձեռքբերում է։ Դա առողջ կյանքի տարիների թվի ավելացումն է, սա հասարակության հսկայական նվերն է ինքն իրեն։ Իսկ հետևանքները հնարավոր կլինի կանխատեսել։
Այսպիսով, տարեց ընտրազանգվածը փոքր-ինչ այլ պահանջներ կձևավորի։ Այն ավելի շատ ուշադրություն կդարձնի առողջությանը, հոգևոր կրթությանը, որպեսզի ծածկի «ցանկությունների» կարիքները, որոնց համար աշխատելու ընթացքում ժամանակ չի գտել: Եթե թոշակառուների այդ սերունդը ինչ-որ ռեսուրս կուտակի, կարող է ներդրող դառնալ։ Դա անվանում են երկրորդ ժողովրդագրական դիվիդենտ: Եթե այս մեծաթիվ ավագ սերնդին հաջողվի առողջությունը պահպանել, նրանք ի վիճակի են աշխատաշուկայում ավելի երկար մնալ: Լուրջ մարտահրավեր կլինի, եթե այդ սերունդը ոչ խնայողություններ, ոչ առողջություն ունենա։ Հետևաբար, այն, ինչ մենք այժմ ներդնում ենք երկարակեցության մեջ, հսկայական աջակցություն է ոչ միայն որոշակի մարդկանց, այլ միաժամանակ վիթխարի աջակցություն է հասարակության համար»,- նշեց նա։
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի փորձագետ Կիրիլ Ռոդինը կյանքի երկարացման համատեքստում առաջարկեց, որ տարեցների ֆիզիկական առողջությունից զատ, չպետք է մոռանալ նաև հոգեկան առողջության մասին։
«Եթե մենք խոսում ենք ապագայի բժշկության մասին՝ միջնաժամկետ՝ 20-30 տարվա հեռանկարում, եթե հավասարակշռություն չգտնենք ֆիզիկական և հոգեկան առողջության միջև, կարող ենք ավելացնել բազմոցին պառկած բնակիչների թիվը։ Սրանք կլինեն սոցիալապես և հոգեպես անջատված մարդիկ, ովքեր թույլ կընկալեն իրենց կյանքի նպատակը: Եվ մենք տնտեսության վրա մեծ բեռ ենք ստանալու, որի հետ վարվելու կերպը գտնել դժվար կլինի։ Մենք խոշոր գումարներ կներդնենք ու հավասարակշռություն պահպանող ծանրություն կստանանք։ Որպեսզի դա չստանանք, մենք պետք է մտածենք սոցիալական ներառման և նպատակ ունենալու մասին»,- նշեց նա։
Մոսկվայի գլխավոր ծերաբան Նադեժդա Ռունիխինան առաջարկեց բնակչության ծերացման խնդիրը դիտարկել որպես ցունամի, որին պետք է լրջորեն պատրաստվել։ «Մարդիկ ոչ միայն կորցնում են աշխատունակությունը, այլև իրենց ինքնավարությունը, կախվածության մեջ են ընկնում և խնամքի կարիք են ունենում: Եվ դա մարտահրավեր է ոչ միայն առողջապահական համակարգի, այլ նաև սոցիալական ծառայությունների և ամբողջ հասարակության համար»,-շեշտեց Մոսկվայի գլխավոր ծերաբանը։
Նյութը պատրաստվել է նոյեմբերի 4-6-ը Մոսկվայում անցկացված «Ստեղծելով ապագան» գիտաժողովի շրջանակում, որը կազմակերպել էր Ռուսաստանի ազգային կենտրոնը։ Հայաստանի լրատվական NEWS.am գործակալությունը գիտաժողովի տեղեկատվական հովանավորն է։






