Մոնաշի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ «լիպոկսին А4» (LXA4) անունը կրող բնական ճարպի մոլեկուլը կարող է զգալիորեն նվազեցնել բորբոքումը եւ բարելավել սրտի աշխատանքը դիաբետի դեպքում։

Մինչկլինիկական հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cardiovascular Diabetology ամսագրում, ցույց են տվել, որ LXA4-ը, որը հայտնի է իր «հանգստացնող» ազդեցությամբ՝ ճնշելով օրգանիզմի բորբոքային արձագանքը եւ կանխելով քրոնիկական բորբոքումը, կարող է նաեւ դիաբետի հետ կապված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նոր մեթոդ ծառայել։ Սիրտ-անոթային հիվանդությունները, ինչպիսին են աթերոսկլերոզը, սրտի նոպաները եւ սրտի անբավարարությունը, դիաբետ ունեցող մարդկանց մահվան հիմնական պատճառն են, ինչը հանգեցնում է աճող գլոբալ ճգնաժամի առողջապահության ոլորտում։ Հետազոտության ավագ հեղինակ, դոկտոր Չենսյու Ցինը Մոնաշի դեղաբանական գիտությունների ինստիտուտից պատմել է, որ քրոնիկական բորբոքումը կարեւոր դեր է խաղում սրտի այդ խնդիրների հարցում՝ դիաբետի դեպքում առաջացնելով սրտի մշտական ախտահարում  ժամանակի ընթացքում։

«Մենք հայտնաբերել ենք, որ LXA4-ը կարող է կրկնակի նվազեցնել բորբոքումը եւ սպիների առաջացումը, հատկապես սրտի հիվանդությունների դեպքում, որոնք պայմանավորված են դիաբետով, ինչը ցուցադրվել է կենդանիների մինչկլինիկական մոդելների վրա։

Հաշվի առնելով ավելի «դեղային» LXA4-ի մշակման ոլորտում վերջերս կատարված առաջընթացը՝ մեր արդյունքները մատնանշում են թերապիայի պոտենցիալը LXA4-ի հիմքի վրա՝ որպես սրտի դիաբետիկ հիվանդությունների բուժման նոր, բազմախոստում միջոցի»,- նշել է դոկտոր Ցինը։

«Այս հետազոտությունը հնարավորություն է ստեղծում շաքարային դիաբետ ունեցողների ավելի նպատակային եւ արդյունավետ բուժման համար՝ արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող սովորական դեղերի համադրմամբ»,- նշել են հետազոտության հեղինակները։