Յուրաքանչյուր երրորդ չափահաս ամերիկացի «կողմնակիորեն» տուժել է ուրիշի կողմից ալկոհոլ օգտագործելու պատճառով, 10-ից մեկն ասել է, որ տուժել է մտերիմ մարդու կողմից ալկոհոլ օգտագործելու պատճառով, հրապարակել է HealthDay-ը համազգային հարցման տվյալները։
Հարցման ենթարկված մոտ 160 մլն մարդկանցից 113 մլն-ը տուժել է մտերիմների հարբեցողությունից, 46 մլն-ը՝ նրանց կողմից թմրանյութեր օգտագործելու պատճառով։
Նոր հետազոտությունը հիմնված է 7 800 մեծահասակ ամերիկացիների հարցման վրա, որն անցկացվել է 2018թ. սեպտեմբեր - 2020թ. ապրիլ ընթացքում, մինչ համավարակը դարձավ ամերիկացիների կողմից հոգեմետ նյութերի օգտագործման վրա ազդող գործոն։
Հարցվողներին հարցրել են, թե չեն տուժել արդյոք նրանք երբեւէ որեւէ մեկի կողմից հոգեմետ նյութերի օգտագործման պատճառով։ 34 տոկոսը հայտնել է, որ տուժել է երկրորդային վնասից, որը կապված է եղել որեւէ մեկի կողմից ալկոհոլ օգտագործելու հետ։ Վնասը տատանվել է ընտանիքի եւ ամուսնության խնդիրներից մինչեւ ֆինանսական կորուստների, հարձակումների եւ հարբած վիճակում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով ստացած վնասվածքների միջակայքում։
Հարցվողների 14 տոկոսը հայտնել է, որ տուժել է մերձավորների կողմից թմրանյութերի օգտագործման պատճառով։ Այս երկու խմբերը մասամբ համընկել են՝ հարցվողների 30 տոկոսը հայտնել է, որ նրանց վրա ազդել է որեւէ մեկի կողմից թմրանյութի օգտագործումը։
Հետազոտողների խոսքով՝ հոգեմետ նյութեր օգտագործող մարդկանցից յուրաքանչյուրին բաժին են ընկնում անհամեմատ շատ ավելի մեծ թվով մարդիկ, որոնց կարող է վնաս պատճառվել։
Դա ընդգծում է ինչպես բուժման հասանելիության, այնպես էլ վնասի չափը նվազեցնելու (օրինակ, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կանխումը) կարեւորությունը։






