Բրազիլիայում «հայր-մայր-երեխա» 89 եռյակների մասնակցությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ կապ գոյություն ունի հոր ավելորդ քաշի եւ նորածնի ծնվելու քաշի միջեւ. որքան բարձր է հոր մարմնի զանգվածի ինդեքսը, այնքան ավելի ցածրէ երեխայի քաշը ծնվելիս։

Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է International Journal of Obesity-ում։ Ստացված արդյունքները հաստատում են գաղափարն այն մասին, որ անթրոպոմետրիկ խնդիրները բացառապես մոր պատասխանատվությունը չեն, եւ որ հայրը եւս պետք է ձգտի առողջ ապրելակերպ վարել զուգընկերուհու հղիության ժամանակ։ «Շատ բանավեճեր են անցկացվել եւ հետազոտություններ կատարվել պտղի զարգացման եւ մոր առողջության միջեւ կապի մասին, ներառյալ այնպիսի խնդիրներ, ինչպիսին է ավելորդ քաշը հղիությունից առաջ եւ դրա ընթացքում, բայց փաստը մնում է փաստ. հոր առողջությունը եւս զգալի ազդեցություն է ունենում երեխայի զարգացման վրա հղիության ժամանակ եւ երեխայի ծնվելուց հետո։ Մեր հետազոտությունը առաջինն էր բրազիլական ընտանիքների մասնակցությամբ, որը ցույց է տվել, որ որքան բարձր է հոր ՄԶԻ-ն, այնքան ավելի ցածր է երեխայի քաշը ծնվելիս, ինչը վկայում է հոր կարեւորության մասին երեխայի առողջության եւ զարգացման համար»,- ասել է հոդվածի առաջին հեղինակ եւ Սան Պաուլուի Ռիբեյրան-Պրետուի համալսարանի բժշկական դպրոցի (FMRP-USP) հետազոտող Մարիանա Ռինալդի Կարվալյուն։

Երեխայի քաշը ծնվելիս համարվում է առողջության կարեւոր ցուցանիշ ոչ միայն վաղ մանուկ հասակում, այլեւ ողջ կյանքում։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ցածր (կամ բարձր) քաշով ծնված երեխաները ենթարկվում են մահվան ավելի բարձր վտանգի եւ ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ավելի ուշ տարիքում, ինչպիսին են 2-րդ տեսակի դիաբետը, քաղցկեղը եւ սիրտ-անոթային հիվանդությունները։

Այս հետազոտությունը դարձավ կլինիկական հետազոտության շարունակությունը, որի ընթացքում ուսումնասիրվել է խորհրդատվության ազդեցությունը սնվելու հարցերի վերաբերյալ 350 հղի կանանց շրջանում, որոնք ավելորդ քաշ են ունեցել եւ այցելել են նախնական բժշկասանիտարկան օգնության պետական կլինիկաներ։