Թռչնագրիպը հիմնականում տարածվում է վայրի թռչունների, մասնավորապես՝ բադերի և ճայերի շրջանում, բայց կարող է ազդել նաև հավերի, հնդկահավերի և լորերի վրա: Թեև հիվանդությունը հիմնականում ազդում է թռչունների վրա, հայտնի է, որ այն տարածվում է այլ տեսակների, դրանց թվում՝ կաթնասունների և հազվադեպ դեպքերում՝ մարդկանց վրա: Թեև H5N1 վիրուսով մարդկանց վարակվելու դեպքերը հազվադեպ են, դրանք կարող են չափազանց լուրջ լինել:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Ասիայում ձիերը վարակվել են H5N1 թռչնագրիպով, և որ նրանց վարակման դեպքերն աննկատ են մնացել: Վերջին հետազոտությունը, որն անկացրել է Գլազգոյի համալսարանի վիրուսների հետազոտությունների կենտրոնը՝ Միացյալ Նահագներից և Մոնղոլիայից ժամանած գիտնականների միջազգային թիմի համագործակցությամբ, տեղի է ունեցել, երբ ԱՄՆ-ում թռչնագրիպը վերջերս ի հայտ է եկել և արագորեն տարածվել կովերի շրջանում՝ վիրուսի ավելի լայն տարածման մտավախություն առաջացնելով։ Այդ հետազոտությունն իրականացնելու համար հետազոտական ​​թիմը H5N1 վիրուսի դեմ հակամարմինների մի շարք թեստեր է անցկացրել Մոնղոլիայի երկու շրջանների ձիերի երամակում. առաջինը՝ ջրաճահճային տարածքում, որտեղ ապրում է վայրի թռչունների մեծ պոպուլյացիա, և երկրորդ՝ թռչուններ ցածր խտությամբ չորային տարածքում։

Արդյունքները, որոնք հրապարակվել են Emerging Infectious Diseases բժշկագիտական հանդեսում, համոզիչ կերպով վկայում են, որ ձիերը վարակվել են թռչնագրիպով:

Գիտնականները պարզել են, որ ձիերը վիրուսով վարակվել են Մոնղոլիայի տարբեր շրջաններում մի քանի տարի շարունակ: Կարևոր է նշել, որ հետազոտված երամակներում շնչառական հիվանդությունների բռնկման վերաբերյալ նախկինում ոչ մի հաղորդում չի եղել, ինչը ենթադրում է, որ H5N1 հակամարմինների համար դրական թեստ ստացած կենդանիների շրջանում անախտանիշ վարակի դեպքեր են եղել:

Գիտնականների հաոմզամբ՝ դա մեծացնում է անհայտ ախտածինության նոր վիրուսների առաջացման վտանգը՝ պոտենցիալ կերպով սպառնալով ոչ միայն ձիերին, այլև այլ կաթնասուններին, ներառյալ՝ մարդկանց:

2023 թվականի մարտից ի վեր ԱՄՆ մի քանի նահանգներում H5N1 գրիպը արագորեն տարածվում է կաթնատու անասունների շրջանում։ Մտահոգիչն այն է, որ Հյուսիսային Ամերիկայում ապրում է ձիերի համաշխարհային գլխաքանակի 30%-ը, և շատ ձիեր, ըստ ամենայնի, H5N1-ով վարակվել են հենց գյուղատնտեսական պայմաններում: