Ճարպակալումը՝ որպես բժշկական վիճակ, պետք է վերասահմանվի «ավելի ճշգրիտ եւ մանրամասն» ձեւով, ասվում է կլինիկական փորձագետների միջազգային խմբի զեկույցում, մտավախություն կա, որ «ճարպակալում» ախտորոշումը ներկայում հաճախ է կայացվում բժիշկների կողմից, գրել է BBC-ն։
Փաստաթղթի տեքստում ընդգծվել է, որ ավելորդ քաշ ունեցող պացիենտներին ախտորոշելիս բժիշկը պետք է ոչ միայն հաշվարկի մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ)՝ օգտագործելով տվյալ բանաձեւը, այլ նաեւ հաշվի առնի որոշակի անձի ընդհանուր առողջությունը:
Այնուամենայնիվ, ավելորդ քաշի հետեւանքով քրոնիկական հիվանդություններ ունեցողների մոտ պետք է ախտորոշվի «կլինիկական ճարպակալում», իսկ նրանց մոտ, ովքեր չունեն նման առողջական խնդիրներ, պետք է ախտորոշվի «նախակլինիկական ճարպակալում»։
Տարբեր գնահատականներով՝ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ տառապում է ճարպակալմամբ, ինչը մեծացնում է քաշը կորցնելու դեղերի պահանջարկը։
Հեղինակավոր Lancet Diabetes & Endocrinology բժշկական ամսագրի հրապարակած զեկույցը ստորագրել են բժշկության եւ առողջապահության ոլորտի ավելի քան հիսուն փորձագետներ ամբողջ աշխարհից։
«Ճարպակալումը բազմազան է, մի ամբողջ սպեկտր: Ինչ-որ մեկը դրանով ապրում է նորմալ կյանքով։ Մյուսները դժվարություններ են ունենում շարժունակության հետ կապված, դժվարանում են շնչել, հայտնվում են անվասայլակին եւ, ընդհանուր առմամբ, լուրջ առողջական խնդիրներ են ունենում»,- ասել է զեկույցի առաջատար հեղինակներից մեկը՝ Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսորը Ֆրանչեսկո Ռուբինոն:
Զեկույցի հեղինակները կոչ են անում «վերանայել ճարպակալման մասին» մոտեցումները՝ տարբերակելու այն պացիենտներին, ոորոնք իրականում տառապում են այդ հիվանդությամբ, այն մարդկանցից, ովքեր հիմնականում առողջ են, բայց ապագայում հիվանդություններ ուենալու վտանգի տակ են:
Զեկույցի հեղինակներն առաջարկում են նոր մոդել՝ հիմնված այն բանի վրա, թե ճարպակալումը որքանով է ազդում օրգանների վրա, ինչպիսին են սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունը, շնչահեղձությունը, 2-րդ տեսակի դիաբետը կամ հոդացավը, եւ դրա բացասական ազդեցությունը առօրյա կյանքի վրա:
Նման նշանների առկայությունը վկայում է այն մասին, որ ճարպակալումն անցնում է կլինիկական փուլ եւ պահանջում է դեղորայքային բուժում։






