Մկանները քայքայող, խորացող հիվանդությամբ երեք մարդ մի փոքր ավելի ուժեղ են դարձել՝ նրանց համար ավելի հեշտ է դարձել կանգնելն ու քայլելն, այն բանից հետո, երբ իմպլանտ է տեղադրվել նրանց ողնաշարի մեջ:
Ըստ գիտնականների, իրենք ներկայացրել են առաջին ապացույցը, որ ողնաշարը խթանող իմպլանտը, որն արդեն փորձարկվում է կաթվածի դեպքում, կարող է նաև օգնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում, ինչպիսին մեջքի մկանների ատրոֆիան է՝ գոնե ժամանակավորապես վերականգնելով մկանային որոշ գործառույթներ:
Մեջքի մկանների ատրոֆիան (SMA) գենետիկ հիվանդություն է, որն աստիճանաբար ոչնչացնում է շարժիչ նեյրոնները, ողնուղեղի նյարդային բջիջները, որոնք կառավարում են մկանները: Սա հանգեցնում է հատկապես ոտքերի, ազդրերի և ուսերի մկանների, իսկ երբեմն էլ՝ շնչառության և կլման հետ կապված մկանների հյուծմանը:
Բուժում չկա։ Գենային թերապիան կարող է փրկել հիվանդության ծանր ձևերով շատ փոքր երեխաների կյանքը, և կան որոշ դեղամիջոցներ, որոնք կարող են դանդաղեցնել վիճակի վատթարացումը տարեց հիվանդների մոտ: Ողնուղեղը էլեկտրականության ցածր մակարդակով խթանելը վաղուց օգտագործվում է քրոնիկ ցավը բուժելու համար, սակայն գիտնական Մարկո Կապոգրոսոյի թիմն այս մեթոդը փորձարկել է, որպեսզի օգնի կաթվածներից կամ ողնուղեղի վնասվածքներից անդամալույծ մարդկանց շարժել իրենց վերջույթներն առանց կողմնակի օգնության։
Միացված լինելով՝ այն ակտիվացնում է քնած նյարդային շղթաները վնասվածքից ներքևի հատվածում՝ ակտիվացնելով մկանները:
Այնուհետև Կապոգրոսոն մտածեց, թե արդյոք նույն տեխնոլոգիան կարող է նույն կերպ օգնել SMA-ի դեպքում՝ ակտիվացնելով համապատասխան զգայական նյարդերը, որպեսզի դրանք արթնացնեն վնասված մկանային բջիջները՝ օգնելով դրանց պայքարել հյուծման դեմ:
Գիտնականները էլեկտրոդներ տեղադրեցին SMA-ով հիվանդ երեք մեծահասակների ողնուղեղի ստորին հատվածում և ստուգեցին նրանց մկանային ուժը, հոգնածությունը, շարժումների տիրույթը, քայլվածքի և քայլելու հեռավորության փոփոխությունները՝ սարքի միացված կամ անջատված լինելու դեպքերում։
Այն չի վերականգնում նորմալ շարժունակությունը, բայց շաբաթական ընդամենը մի քանի ժամ ողնաշարի խթանումից հետո բոլորը մկանային ուժի և ֆունկցիայի արագ բարելավում զգացին, հայտնում են գիտնականները Nature Medicine ամսագրում:






