Սրտի անբավարարությամբ ավստրալացի տղամարդը դարձել է աշխարհում առաջին մարդը, ով լքել է հիվանդանոցը՝ ամբողջությամբ արհեստական սրտի իմպլանտով, հայտնում է The Guardian-ը։
Ավստրալացի հետազոտողները և բժիշկները, ովքեր կատարել են վիրահատությունը, չորեքշաբթի օրը իմպլանտը «ամբողջական կլինիկական հաջողություն» են հայտարարել, երբ պարզվել է, որ տղամարդը մինչև մարտի սկզբին դոնորական սրտի փոխպատվաստում ստանալը սարքով ապրել է ավելի քան 100 օր:
BiVACOR-ի լիովին արհեստական սիրտը, որը հայտնագործել է Քուինսլենդում ծնված բժիշկ Դանիել Թիմսը, աշխարհում առաջին իմպլանտացվող պտտվող արյան պոմպն է, որը կարող է ամբողջությամբ փոխարինել մարդու սիրտը, օգտագործելով մագնիսական լևիտացիայի տեխնոլոգիան՝ կրկնօրինակելու համար առողջ սրտի՝ բնական արյան հոսքը:
Իմպլանտը, որը դեռ վաղ կլինիկական փորձարկումների մեջ է, մշակվել է վերջին փուլի երկփորոքային սրտի անբավարարություն ունեցող հիվանդների համար, որը սովորաբար զարգանում է այլ հիվանդություններից հետո՝ առավել հաճախ սրտի կաթվածից և սրտի իշեմիկ հիվանդությունից հետո, ինչպես նաև այլ հիվանդություններ, մասնավորապես՝ շաքարախտը, որոնք այնքան են վնասում կամ թուլացնում սիրտը, որ այն չի կարող արդյունավետ կերպով արյուն մղել օրգանիզմ:
Ավստրալիայի կառավարության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի սրտի անբավարարությունից տառապում է ավելի քան 23 միլիոն մարդ, սակայն նրանցից միայն 6000-ը դոնորական սիրտ կստանա: Կառավարությունը 50 միլիոն դոլար է հատկացրել BiVACOR սարքի մշակման և առևտրայնացման համար՝ «Արհեստական սրտի սահմանները» ծրագրի շրջանակում:
Իմպլանտը նախատեսված է հիվանդներին կյանքի պահպանման համար մինչև դոնորական սրտի փոխպատվաստումը հասանելի լինի, սակայն BiVACOR-ի երկարաժամկետ նպատակն է, որ իմպլանտ ստացողները կարողանան ապրել իրենց սարքի հետ՝ առանց սրտի փոխպատվաստման կարիքի:
Սրտի ծանր անբավարարությամբ խնամյալը՝ Նոր Հարավային Ուելսից 40-ն անց տղամարդը կամավոր դարձավ Ավստրալիայում ընդհանուր արհեստական սրտի առաջին ստացողը և աշխարհում՝ վեցերորդը:
Առաջին հինգ իմպլանտները տեղադրվել են անցյալ տարի ԱՄՆ-ում, և բոլոր հիվանդները ստացել են դոնորական սրտեր մինչև հիվանդանոցից դուրս գրվելը, ընդ որում իմպլանտացիայի և փոխպատվաստման միջև ամենաերկար ժամանակահատվածը 27 օր է:
Ավստրալացի խնամյալը սարքը ստացել է նոյեմբերի 22-ին Սիդնեյի Սուրբ Վինսենթի հիվանդանոցում՝ սրտանոթային և փոխպատվաստման վիրաբույժ Փոլ Յանսչի գլխավորությամբ վեց ժամ տևողությամբ պրոցեդուրայի ընթացքում:






