Բարդ ռեգիոնար ցավի համախտանիշը կամ Զուդեկի համախտանիշը մի վիճակ է, որն ուղեկցվում է վերջույթներում ուժգին, մաշեցնող քրոնիկական ցավով, և կարող է հանգեցնել շարժունակության կորստի։  Այն ուղեկցվում է նաև նյութափոխանակության և արյան շրջանառության խանգարումներով, և կարող է հանգեցնել ոսկրերի օստեոպորոզի։ Այս համախտանիշի առաջացման պատճառ կարող են լինել վնասվածքները՝ կոտրվածք, գերձգում, ինչպես նաև նյարդաբանական որոշ հիվանդություններ։

Ռեգիոնար ցավի համախտանիշով պացիենտների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե նախկինում Հայաստանում այս համախտանիշը բավականին հազվադեպ էր հանդիպում (մի քանի տարվա ընթացքում՝ ընդամենը 3-4 պացիենտ), այժմ արդեն գրեթե ամեն ամիս նման 3-4 պացիենտ է հանդիպում։ Իսկ թե ինչով է պայմանավորված դեպքերի թվի աճը, դեռևս հայտնի չէ։

Ռեգիոնար ցավի համախտանիշի դեղորայքային բուժումը շատ երկարատև է, և շատ դեպքերում անարդյունավետ, և պացիենտները ստիպված են թմրանյութ պարունակող ցավազրկողներ ընդունել, որպեսզի կարողանան քայլել։ Այդ բուժման այլընտրանք է հանդիսանում այսպես կոչված սիմպաթիկ բլոկադան։

zudek1.JPG (7.42 MB)

Ինչպե՞ս է սիմպաթիկ բլոկադան օգնում կպչուն ցավից ազատվելուն և ո՞ւմ է ցուցված այս միջամտությունը։ Այս ամենի մասին NEWS.am Medicine-ը զրուցել է «Նաիրի» ԲԿ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի և վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանի հետ, ովքեր հաջողությամբ կիրառում են բուժման այս եղանակը։

Ի՞նչ է սիմպաթիկ բլոկադան և ե՞րբ է այն անհրաժեշտ

Սիմպաթիկ բլոկադան նվազագույն ինվազիվ միջամտություն է, որի ժամանակ ռենտգենյան հսկողությամբ հատուկ դեղամիջոցի ներարկման միջոցով ժամանակավոր կամ երկար ժամանակով «անջատվում» են վերին գոտկային հատվածում գտնվող սիմպաթիկ հանգույցները (գանգլիաները)։ Այս հանգույցները պատասխանատու են ցավի ազդանշանների փոխանցման և արյան մատակարարման կարգավորման համար:

zudek2.JPG (8.11 MB)

Ինչպես պարզաբանեց Արման Հակյոբյանը, սիմպաթիկ համակարգի դեներվացիան հնարավորություն է ընձեռում ոչ միայն մեղմելու ցավը, այլև վնասված հատվածում բարելավելու արյան հոսքը և հյուսվածքային կառուցվածքը։ Ընդ որում այն զգայունության կորստի չի հանգեցնում: Պացիենտն ազատվում է հյուծող ցավից և միաժամանակ պահպանում է վերջույթը զգալու և շարժելու ունակությունը:

zudek3.JPG (7.72 MB)

Սիմպաթիկ բլոկադա. ցուցումներ և հակացուցումներ

Սիմպաթիկ բլոկադան ցուցված է հետևյալ դեպքերում.

Ռեգիոնար ցավի համախտանիշ (Զուդեկի համախտանիշ). մի վիճակ, երբ բուժառուն ուժեղ ցավ է զգում ոտքի, ոտնաթաթի կամ վերջույթի այլ հատվածում՝ առանց ոսկորների կամ նյարդերի տեսանելի վնասների: Ցավը կարող է ուղեկցվել այտուցով, մարմնի տաքության կամ մաշկի գույնի փոփոխություններով, ինչպես նաև վերջույթների գործառույթների խանգարումով։

Ստորին վերջույթների անոթային խանգարումներ. օրինակ, հիմնական անոթների աթերոսկլերոզ, երբ ոտքերի արյան մատակարարումը նկատելիորեն խաթարված է: Նման խանգարումներով պացիենտները հաճախ քայլելու դժվարություն և սոսկալի ցավեր են նկարագրում:

Տրոֆիկ խանգարումներ. երբ արյան անբավարար մատակարարումը հյուսվածքների փոփոխություններ, ներառյալ մկանային ատրոֆիա կամ օստեոպորոզ է առաջացնում:

Կարևոր է հասկանալը, որ սիմպաթիկ բլոկադան համապարփակ լուծում չէ: Այն արդյունավետ չէ ողնաշարի սկավառակի ճողվածքի, հոդերի հիվանդության կամ մագնիսառեզոնանսային շերտագրությամբ կամ ռենտգենով նկատվող այլ օրգանական վնասվածքների ապաքինման համար:

Սիմպաթիկ բլոկադայի նպատակն է՝ վերացնել այսպես կոչված «անբացատրելի» ցավը, որն ակնառու կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված չէ։

F07A0311.JPG (6.80 MB)