Կենսաբանական տարիքի՝ մարմնի իրական տարիքի մասին իմանալը կարող է ավելի հստակ պատկերացում տալ սրտանոթային հիվանդությունների ռիսկի մասին, քան՝ միայն ավանդական մեթոդները։

Այս եզրակացությունը Յուվյաշկյուլյայի, Տամպերեի և Հելսինկիի համալսարանների, Ֆինլանդիայի առողջապահության և բարեկեցության ինստիտուտի (THL) և Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի՝ վերջերս անցկացրած ուսումնասիրության արդյունք է։

Կենսաբանական ծերացումը մարմնի բջիջների և հյուսվածքների աստիճանական քայքայումն է, որը տեղի է ունենում տարիքի հետ։ Այս գործընթացն ազդում է օրգանիզմի գործառույթների վրա և մեծացնում ինչպես հիվանդության, այնպես էլ մահվան ռիսկը։

Տարբեր անհատների կենսաբանական ծերացման տեմպը տարբեր է և կախված է գենետիկայից, կենսակերպից և շրջակա միջավայրի գործոններից։ Ուսումնասիրության մեջ կենսաբանական ծերացման փուլը չափվել է երկու ցուցանիշի միջոցով՝ թուլության ինդեքս, որն արտացոլում է առողջական խանգարումների կուտակումը տարբեր օրգանիզմների համակարգերում օրգանիզմի մակարդակով, և թելոմերների երկարություն, որը ծառայում է որպես մարկեր՝ բջջային մակարդակում։

Ավանդական սրտանոթային ռիսկի սանդղակները ներառում են SCORE2, SCORE2-OP և Ֆրամինգհեմի ռիսկի սանդղակը։ Դրանք հաշվի են առնում ժամանակագրական տարիքը, սեռը և առողջական կամ կենսակերպի գործոնները, բայց ոչ՝ կենսաբանական ծերացման փուլը։

Յուվյասկյուլյայի համալսարանի դոկտոր Աննա Տիրկկոնենը և Տամպերեի համալսարանի և Կարոլինսկա ինստիտուտի ավագ գիտաշխատող Լաուրա Կանանենը ներկայացրել են ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են «Age and Aging» ամսագրում: «Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ թուլության ինդեքսը կարող է օգնել գնահատելու մարդու սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը»,- նշել է Տիրկկոնենը։

«Դա նկատվել է Ֆինլանդիայի և Շվեդիայի երեք խմբերում, որոնց թվում էր անամնեզում սրտանոթային հիվանդություն չունցած ավելի քան 14,000 մարդ։ Արդյունքները ստացվել են 70 տարեկանից մեծ, ինչպես նաև 70 տարեկանից փոքր մարդկանց մոտ։ Մենք պարզել ենք նաև, որ թուլության ինդեքսն ինքնին կարող է բավականին ճշգրիտ արտացոլել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը հաջորդ տասը տարվա ընթացքում։ Հետաքրքիր է, որ թելոմերների երկարության արդյունքները տարբեր էին։ Թելոմերների երկարության և սրտանոթային ռիսկի միջև կապը պակաս պարզ էր»,- նշել են գիտնականները։