Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications Medicine ամսագրում, ցույց են տվել, որ քրոնիկական տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ ավելի մեծ է դեպրեսիայի առաջացման հավանականությունը։ Գիտնականները հայտնաբերել են, որ հիվանդությունների որոշ համադրություններ, հատկապես կարդիոմետաբոլիկ, ինչպիսին են դիաբետը եւ սրտի հիվանդությունները, կարող են ավելի քան երկու անգամ բարձրացնել ապագայում դեպրեսիայի ախտորոշման հավանականությունը։
Հաշվի առնելով այն, որ պոլիմորբիդությունը (երբ պացիենտներն ապրում են երկու կամ երեք քրոնիկական հիվանդություններով) շարունակում է ճնշում գործադրել առողջապահության առանց այդ էլ ծանրաբեռնված համակարգի վրա, փորձագետները նշում են, որ ստացված արդյունքներն ընդգծում են բուժօգնության ցուցաբերման համալիր մոդելների անհրաժեշտությունը՝ ուղղված ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջությանը։
Էդինբուրգի համալսարանի հետազոտողներն օգտագործել են ավելի քան 142 հազար մարդու տվյալները, որոնք մասնակցել են բրիտանական բիոբանկի հետազոտությանը, ուսումնասիրելու համար, թե ինչպես են ֆիզիկական հիվանդություններն ազդում դեպրեսիայի վտանգի վրա, վիճակ, որը հաճախ թերագնահատվում է մարդկանց մոտ, որոնք տառապում են քրոնիկական ֆիզիկական հիվանդություններով։ Մասնակիցները 37-73 տարեկան են եղել եւ ունեցել են առնվազն մեկ քրոնիկական ֆիզիկական հիվանդություն, բայց չեն տառապել դեպրեսիայով անամնեզում։ Գիտնականներն օգտագործել են վիճակագրական կլաստերացման մեթոդները, որպեսի խմբավորեն մարդկանց ըստ իրենց ֆիզիկական հիվանդությունների պրոֆիլի եւ հետեւեն, թե ինչպես են այդ կլաստերները կապված դեպրեսիայի ավելի ուշ ախտորոշումների հետ։
Մի խումբը, որի մեջ մտնում էին սոմատիկ հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ, ցույց է տվել դեպրեսիայի առաջացման ամենաբարձր ռիսկը։ Այդ խմբում չի եղել որեւէ մեկ գերիշխող հիվանդություն, այլ ավելի շուտ՝ խնդիրների բարդ համադրություն։
Նաեւ պարզվել է, որ բարձր ռիսկի խմբում եղել են սրտի հիվանդություններ եւ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ունեցել են թոքերի քրոնիկական հիվանդություններ, ինչպիսին են ասթման կամ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը։ Լյարդի եւ աղիների հիվանդությունները եւս դեպրեսիայի հետ նկատելի կապ են ցուցադրել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։
Հատկապես ծանր է եղել վիճակը հոդերի եւ ոսկրերի խնդիրներ (ինչպիսին է արթրիտը) ունեցող կանանց համար, բայց տղամարդկանց մոտ այդ միտումը այնքան էլ նկատելի չի եղել։ Բարձր ռիսկի խմբերում մոտավորապես յուրաքանչյուր տասներկուերորդ մարդու մոտ հաջորդ 10 տարիների ընթացքում առաջացել է դեպրեսիա՝ քրոնիկական հիվանդություններով չտառապող 25 մարդուց մեկի համեմատ։






