Տասնամյակներ շարունակ բժիշկներն ու հետազոտողները գլուխ են կոտրել սրտի ռիթմի հիմնարար առեղծվածից. ինչու է կանանց սրտխփոցը, որպես կանոն, ավելի արագ,  երբ տղամարդկանց սիրտն ավելի հակված է զարգացնելու անկանոն ռիթմեր, ինչպիսին է նախասրտերի ֆիբրիլյացիան։

Այժմ, Օհայոյի պետական ​​համալսարանին առընթեր Վեքսների բժշկական կենտրոնի անցկացրած նոր հետազոտությունը որոշակի պատկերացում է տալիս դրա մասին։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ սինոատրիալ հանգույցը (SAN)՝ մարդու սրտի փոքր, բայց հզոր կառուցվածքը, որը ծառայում է որպես բնական խթանիչ և նախաձեռնում է յուրաքանչյուր նորմալ սրտի տրոփյուն, տղամարդկանց և կանանց մոտ տարբեր գենային օրինաչափություններով է գործում։

Հետազոտությունը պարզել է, որ կանայք ունեն գեներ, որոնք օգնում են նրանց սրտին ավելի արագ բաբախել, մինչդեռ տղամարդիկ ունեն գենային ցանցեր, որոնք կարող են հանգեցնել սրտի խնդիրների, ինչպիսին է նախասրտերի ֆիբրիլյացիան։

Հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի Circulation: Arrhythmia and Electrophysiology բժշկագիտական  հանդեսում։

Օհայոյի պետական ​​համալսարանի Դորոթի Դեյվիսի անվան սրտի և թոքերի ինստիտուտի և Բոբ և Քորին Ֆրիքների անվան սրտի անբավարարության և առիթմիայի կենտրոնի հետազոտողները ուսումնասիրել են դոնոր մարդկային սրտերը՝ SAN սրտի խթանիչ բջիջներում կծկումների հաճախականության առաջացման և սրտի պահպանման համար պատասխանատու գեների եզակի հավաքածուներ բացահայտելու համար:

Նրանք վերլուծել են խթանման, նյութափոխանակության, բորբոքման և ֆիբրոզային վերակառուցմանն առնչվող գեներն ու ուղիները և կենսաբանական սեռին առնչվող հստակ օրինաչափություններ հայտնաբերել։

«Պարզվել է, որ կանայք ունեն երկու հիմնական գեների պատկանող TBX3 և HCN1-ի ավելի բարձր մակարդակներ, որոնք նպաստում են սրտի արագ զարկերին,- պատմում է հետազոտող, բժշկական գիտությունների դոկտոր, Օհայո նահանգային համալսարանի դոցենտ և ուսումնասիրության համահեղինակ Նինգ Լին։ -Ի տարբերություն դրա, տղամարդկանց սրտերը ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերել բորբոքման և կոլագենի արտադրությանն առնչվող գենային ցանցերում, ինչը կարող է ազդել էլեկտրական ազդանշանների վրա և մեծացնել առիթմիաների ռիսկը»։

Գիտնականները նշել են, որ այս արդյունքները կարող են օգնել հիմք ստեղծել սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի անհատականացված մոտեցումների համար, որոնք կհարմարեցվեն յուրաքանչյուր հիվանդի կարիքներին։