Միչիգանի բժշկական համալսարանի հետազոտողների անցկացրած փորձարարական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջերկրածովյան սննդակարգը կարող է թեթեւացնել գրգռված աղիների համախտանիշի (ԳԱՀ) ախտանշանները: Աշխատանքը հրապարակվել է Neurogastroenterology & Motility ամսագրում։
Հետազոտության մասնակիցները պատահականորեն բաշխվել են երկու խմբում, որոնցից մեկը հետեւել է միջերկրածովյան դիետային, մյուսը՝ ցածր FODMAP դիետային, որը սովորական սահմանափակող դիետա է ԳԱՀ-ի դեպքում: Միջերկրածովյան սննդակարգին հետեւող խմբում պացիենտների 73 տոկոսը հասել է ախտանշանների բարելավման նախնական վերջնակետին՝ FODMAP ցածր պարունակությամբ խմբի 81,8 տոկոսի համեմատ։
Գրգռված աղիների համախտանիշն ազդում է բոլոր մարդկանց մոտ 4-11 տոկոսի վրա, եւ պացիենտների մեծ մասը նախընտրում է դիետիկ միջամտությունները, քան դեղորայքային բուժումը: Ցածր FODMAP դիետան բարելավում է ախտանշանները պացիենտների կեսից ավելիի մոտ, սակայն սահմանափակող է, եւ դժվար է հետեւել դրան:
Այս պիլոտային հետազոտության ընթացքում հիվանդների երկու խումբ չորս շաբաթ շարունակ հետեւել է կա՛մ միջերկրածովյան սննդակարգի, կա՛մ ցածր FODMAP դիետայի:
Հետազոտողները այս պիլոտային հետազոտության, որին մասնակցել է 20 պացիենտ, արդյունքները համարել են բավական հուսադրող՝ արդարացնելու համար ապագա ավելի մասշտաբային վերահսկվող փորձարկումները՝ միջերկրածովյան դիետայի ներուժը որպես ԳԱՀ ունեցող պացիենտների արդյունավետ բուժման միջոց ուսումնասիրելու նպատակով։
Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ են ուսումնասիրություններ, որոնք կհամեմատեն միջերկրածովյան սննդակարգի երկարաժամկետ արդյունավետությունը ցածր FODMAP դիետայի կրկնակի կիրառման եւ անհատականացման երկարաժամկետ արդյունքների հետ:






