Ժամանակակից միգրացիոն գործընթացները զգալի ազդեցություն են գործում հանրային առողջապահության բնագավառի վրա։ Տարբեր երկրներից և տարածաշրջաններից մարդկանց տեղաշարժը կարող է նպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը, հատկապես՝ անբավարար բժշկական վերահսկողության պայմաններում։ Հետևաբար, միգրացիոն քաղաքականության առանցքային տարրերից մեկը պարտադիր բուժզննումն է, որն օտարերկրացիներն անցնում են բնակության թույլտվության համար դիմելիս։
Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի չորրորդ հանդիպումը նվիրված էր առողջապահության և համաճարակաբանական անվտանգության հարցերին, որտեղ քննարկվեցին ներգաղթի համատեքստում սանիտարական անվտանգության ապահովման ազգային մոտեցումները, ինչպես նաև գոյություն ունեցող գործելակերպը բարելավելու հնարավոր ուղիները։
Բժշկություն օտարերկրացիների համար. կանոններ և բացառություններ
Ինչպես հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Նորա Փահլևանյանը՝ ըստ «պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման, ապաստանի համար դիմող անձինք և նրանց ընտանիքների անդամները ներառվում են սոցիալապես անապահով և բնակչության որոշակի խմբերի ցանկում և իրավունք ունեն ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում, մասնավորապես, անվճար տրամադրվում են. պոլիկլինիկական (ամբուլատոր) օգնություն բժշկական հաստատություններում, որտեղ գրանցված են ապաստան հայցող անձինք և նրանց ընտանիքների անդամները. բժշկական ցուցումով՝ ստացիոնար բժշկական օգնություն, հատուկ և թանկարժեք լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, ինչպես նաև բժշկական ծառայություններ, որոնք մատուցվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։
Ինչ վերաբերում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, փախստականները և նրանց ընտանիքի անդամները չեն ներառվում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում և անվճար ստացիոնար բժշկական օգնություն ստանալու արտոնություններից չեն օգտվում, սակայն, ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, բժշկական ցուցման առկայության դեպքում անվճար ստացիոնար բժշկական օգնության կամ անվճար դժվարամատչելի, թանկարժեք լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղեգիր է տրամադրում Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը, որտեղ էլ քննարկվում է նրանց դիմումը։ Եթե որոշումը դրական է, նրանք կկարողանան օգտվել նաև համապատասխան արտոնություններից (այդ արտոնությունից կարելի է օգտվել տարին մեկ անգամ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի):
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ևս ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերի ցանկում և իրավունք ունեն ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում։ Մինչև 2025 թվականն այս արտոնությունները տրամադրվում էին բոլոր նրանց, ովքեր ժամանել էին որպես ռազմական գործողությունների զոհ, սակայն կառավարության որոշման վերջին փոփոխություններով դրանց իրավունքը պահպանել են միայն նրանք, ովքեր Հայաստան են ժամանել 2023 թվականի սեպտեմբերի 23-ից հետո։ Այսպիսով, այդ խմբի մեծ մասը առաջվա պես ընդգրկված է արտոնյալ բժշկական օգնության ծրագրում։
Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին բժշկական օգնություն է տրամադրվում միջազգային համաձայնագրերի և ազգային օրենսդրության շրջանակում։ Հարկ է նշել, որ Հայաստանում օտարերկրացիներին՝ կյանքին կամ ուրիշների առողջությանը սպառնացող հանկարծակի առաջացած սուր վիճակների և հիվանդությունների, վթարների, թունավորումների, վնասվածքների դեպքում բժշկական հաստատությունները շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն են տրամադրում անվճար և լիարժեք կերպով՝ անկախ դրանց կազմակերպա-իրավական ձևերից, գերատեսչական պատկանելությունից և սեփականության ձևերից։ Բուժառուի կյանքին կամ ուրիշների առողջությանը սպառնացող վտանգը վերանալու պահից բժշկական օգնության հետագա տրամադրումն իրականացվում է վճարովի հիմունքներով։
Կառավարության որոշմամբ հաստատվել է ուրիշների համար սպառնալիք ներկայացնող հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձինք, անկախ քաղաքացիությունից, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեն։ Ցանկում ներառված են վարակիչ հիվանդություններ, մասնավորապես՝ տուբերկուլյոզը (բոլոր տեսակները), ՄԻԱՎ վարակը, վիրուսային հեպատիտը, դիֆթերիան, սիբիրյան խոցը, կորոնավիրուսային վարակը և այլն: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլյոզի առկայության դեպքում բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար և լիարժեք, ներառյալ պլանային բուժումը և դեղորայքի տրամադրումը: Դա պայմանավորված է հանրային առողջապահության առաջնահերթություններով և ուղղված է վարակների տարածումը կանխելուն։ «Հայաստանը, ըստ ամենայնի, միակ երկիրն է, որտեղ տուբերկուլյոզի բուժումը լիովին անվճար է բոլորի համար՝ անկախ քաղաքացիությունից։ Նույնը վերաբերում է նաև ՄԻԱՎ-ի բուժմանը»,- ընդգծել է նախարարության ներկայացուցիչը։
Ըստ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ անհետաձգելի բժշկական հոգեբուժական օգնությունն անվճար տրամադրվում է նաև օտարերկրացիներին։
Հիվանդություններ և սահմաններ. ինչպես է կարգավորվում ներգաղթյալների բժշկական վերահսկողությունը Հայաստանում
Միգրացիայի գծով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ շատ երկրներում գործում է հիվանդությունների ցանկ, որոնց առկայությունն օտարերկրացիների շրջանում կարող է հիմք ծառայել երկրում մնալու իրավունքից զրկելու, բնակության թույլտվություն չտրամադրելու և արտաքսելու համար։
«Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիները, նրանց թվում՝ Հայաստանի քաղաքացիները, պետք է բժշկական զննում անցնեն ՌԴ ժամանելուց հետո 30 օրվա ընթացքում՝ աշխատելու հնարավորություն ստանալու համար։ Բնակության թույլտվության համար դիմելիս դիմորդները ևս բուժզննում են անցնում։ Նրա մոտ ՄԻԱՎ, բորոտություն, սիֆիլիս և տուբերկուլյոզ, ինչպես նաև օրգանիզմում թմրանյութեր հայտնաբերելու դեպքում անձը գրանցվում է վերահսկվող անձանց գրանցամատյանում, իսկ հետո արտաքսվում է երկրից, և բնակության թույլտվության տրամադրումը մերժվում է:
Ընդ որում, եթե սիֆիլիսի և տուբերկուլյոզի դեպքում հաջողված բուժումը հաստատող փաստաթղթի առկայությամբ թույլատրվում է կրկնակի մուտք, ապա մյուս դեպքերում մուտքի արգելքը սահմանվում է անժամկետ»,- պարզաբանել է փորձագետը։ Ըստ նրա՝ վերոնշյալ խնդիրների առնչությամբ ժամանակավոր պահման վայրերից իր հետ կապ հաստատած և արտաքսման ենթակա ՀՀ քաղաքացիների 80%-ի արյան մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։
Հայաստանում նույնպես հաստատվել է հիվանդությունների ցանկ, որոնց առկայության դեպքում օտարերկրացիներին մուտքը երկիր կարող է մերժվել։ Այս ցանկում ներառված են. արևադարձային մալարիան, ժանտախտը, շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլյոզը, ատիպիկ թոքաբորբը, թռչնագրիպը, խոլերան և ՄԻԱՎ-ը: Սակայն, ինչպես նշում է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, առկա տվյալներով այդ չափորոշիչները գործնականում չեն կիրառվում։ Հիվանդության հիման վրա արտաքսման դեպքեր չեն արձանագրվել, և մուտք գործողների առողջության նկատմամբ վերահսկողության մակարդակը կասկած է հարուցում։
«Առողջապահության նախարարությունը բժշկական պատճառներով մուտքի արգելքի պահպանման վերահսկողություն չի իրականացնում։ ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ դա Առողջապահության և աշխատանքի տեսչության իրավասության շրջանակում էր։ Մենք տվյալներ չունենք՝ արդյոք այս վերահսկողությունը գործնականում իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ:
Գործնականում այն փաստացի բացակայում է, և դա վերաբերում է նաև համաճարակաբանական բարձր ռիսկեր ունեցող երկրներից, մասնավորապես՝ Հնդկաստանից կամ Մոզամբիկից վերադարձած ՀՀ քաղաքացիներին, որոնք ևս չեն ստուգվում։ Ինչպես հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, վերջին ժամանակներս Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար ուժեղացված վերահսկողության միջոցառումներ են ձեռնարկվել։ ՀՀ մուտք գործելու համար նրանք պարտավոր են բժշկական ապահովագրություն ունենալ»,- նշել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Բեժանյանը հավելել է, որ Հայաստանում բնակության թույլտվություն ստանալու համար օտարերկրացիները պարտավոր են բժշկական տեղեկանք ներկայացնել՝ Հայաստանի առողջապահական հաստատություններում բուժհետազոտություն անցնելով։ Սակայն, ըստ փորձագետի, այդ հետազոտությունների որակը բարձրացնելու անհրաժեշտություն կա։ Հաճախ պրոցեդուրաները ձևական կամ շինծու բնույթ ունեն։ Ավելին, աշխատանքային ներգաղթյալները, որպես կանոն, առհասրաակ տեղեկանք տրամադրելու պարտավորությունից ազատված են, ինչը մտահոգիչ էր քննարկման մասնակիցների համար և արժանացավ նրանց քննադատությանը։
Դա առանձնապես սուր է ընկալվում է այն փաստի ֆոնին, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի և տուբերկուլյոզի պես հիվանդությունների թանկարժեք բուժումը իրականացվում է պետության հաշվին և տրամադրվում է բոլոր կարիքավորներին՝ անկախ քաղաքացիությունից։ Հանդիպման շատ մասնակիցներ համարում են, որ նման մոտեցումն արտաքին և ներքին միգրացիոն հոսքերի համակարգված վերահսկողություն է պահանջում՝ ինչպես հանրային առողջապահության շահերից ելնելով, այնպես էլ՝ հանուն առողջապահական համակարգի կայունության:
Միգրացիոն ռիսկերը, հետազոտությունն ու արտաքսման համակարգի ապագան
Ընդսմին, Հայաստանի ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն անարդյունավետ է համարում բնակության թույլտվության համար դիմելիս պարտադիր բուժզննումները և նշում, որ դրանք անհրաժեշտ է չեղարկել։ Ըստ նրա՝ նման միջոցառումներն իրական արդյունքների չեն հանգեցնում, փոխարենը կոռուպցիոն բարձր ռիսկ են ստեղծում։
«Խնդիրը անհրաժեշտ է լուծել ոչ թե բնակության թույլտվության տրամադրման փուլում, այլ շատ ավելի վաղ՝ երկիր մուտք գործելիս։ Միգրացիոն քաղաքականության համատեքստում ռիսկերի կառավարումը պետք է իրականացվի կանխարգելիչ նպատակներով, ոչ թե սոսկ արձագանք լինի արդեն իսկ տեղի ունեցածին»,- նշել է նա։
Արմեն Ղազարյանի համոզմամբ՝ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ապահովագրական մեխանիզմների ներդրումը։ Չի բացառվում նաև, որ մի շարք երկրների քաղաքացիներից պահանջվի մուտքի թույլտվություն ստանալու համար ներկայացնել մասնագիտացված բուժհաստատության տված բժշկական տեղեկանքը։
Մասնակիցներից ոմանք կարծիք հայտնեցին, որ ներգաղթյալների շրջանում վտանգավոր վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում պետք է արտաքսման միջոցառումներ կիրառվեն, ինչպես նախատեսված է գործող օրենսդրությամբ։ Սակայն Արմեն Ղազարյանը պարզաբանեց, որ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ավելի զուսպ մոտեցում ցուցաբերել և հավատարիմ է հավասարակշռված միգրացիոն քաղաքականությանը։
Այդ համատեքստում, Հայաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն առաջարկեց Հայաստանի առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ներգաղթյալների զանգվածային բուժզննման մեխանիզմ ներդնել։
Նելլի Դավթյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանը տարիներ շարունակ եղել է արտագաղթի երկիր, և ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում աճող միգրացիոն հոսքերին արձագանքելու համար անհրաժեշտ մեխանիզմների մշակման ուղղությամբ։
Ըստ Դավթյանի՝ Աբովյանում ներգաղթյալների համար նախատեսված նոր ժամանակավոր պահման վայր է կառուցվում։ Այն նախատեսվում է օգտագործել ապաստան խնդրողներին տեղավորելու համար։ Բացի դրանից, արդեն հաստատվել է արտաքսման ենթակա անօրինական ներգաղթյալներին պահելու համար նախատեսված շենքի նախագիծը։
Սույն հոդվածը պատրաստվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։






