Քիմիաթերապիան օգտակար է որոշ պացիենտների համար, բայց արդյունացետ է ոչ բոլոր դեպքերում։ Քաղցկեղով հիվանդների 20-50 տոկոսը չի արձագանքում այդ դեղամիջոցներին։

Գիտնական Ջեֆ Մաքինտայրի գլխավորած թիմը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի եւ Քեմբրիջի Tailor Bio սթարտափի հետ, մշակել է մեթոդ, որը կարող է կանխատեսել, թե որ հիվանդները չեն արձագանքի լայնորեն օգտագործվող քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներին, ինչպիսիք են պլատինի վրա հիմնված քիմիաթերապեւտիկ դեղամիջոցները, տաքսանները եւ անտրացիկլինները:

«Մենք գտել ենք քիմիաթերապիայի տարածված դեղամիջոցները ճշգրիտ դեղամիջոցների վերածելու միջոց»,- ասել է Մաքինտայրը:

Աշխատանքը հրապարակվել է Nature Genetics ամսագրում:

Գիտնականների մշակած մեթոդը հիմնված է այն բանի վրա, որ շատ ուռուցքներ կուտակում են իրենց բջիջներում քրոմոսոմների քանակի փոփոխություններ: Դրա հետեւանքներից մեկն այն է, որ «քաղցկեղի բջիջները չունեն անհրաժեշտ քանակությամբ գենետիկական նյութ»,- նշել են գիտնականները:

Այդ քրոմոսոմային փոփոխությունները տարբերվում են յուրաքանչյուր ուռուցքում, բայց միասին դրանք կազմում են քրոմոսոմային անկայունության բնորոշ օրինաչափություններ կամ նշաններ: Այժմ հրապարակված ուսումնասիրությունը մշակում է բիոմարկերներ՝ հիմնվելով քրոմոսոմային անկայունության այս նշանների վրա:

«Այդ բիոմարկերները մեզ թույլ կտան նախապես պարզել, թե որ պացիենտներն են կայուն այս բուժման նկատմամբ, որպեսզի նրանք կարողանան խուսափել ավելորդ կողմնակի ազդեցություններից»,- բացատրել է Մաքինտայրը։

Քիմիաթերապիայի ճշգրիտ կիրառումը օգուտ է բերում ոչ միայն հիվանդներին, այլեւ առողջապահական համակարգին՝ խուսափելով բուժման ավելորդ ծախսերից եւ թերապիայի կողմնակի ազդեցությունների հետ կապված բարդություններից, ավելացրել են հետազոտության հեղինակները։