Չպետք է նպատակադրվել համտեսել բոլոր ամանորյա աղցաններն ու ճաշատեսակները: Պետք է ամանի մեջ դնել այնքան, ինչքան մարդը կարող է ուտել, բայց ոչ տոնական սեղանի բոլոր ճաշատեսակները: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց թիվ №1  համալսարանական կլինիկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ Սրբուհի Թարխանյանը:

Ըստ նրա, երբ խոսքը գնում է սննդամթերքի պիտանելիության ժամկետի մասին, ապա չկա կոնկրետ ֆիքսված թիվ, որը կարելի է նշել ՝ ասելու համար, որ օրինակ յոթ օրից բոլոր սննդամթերքները կփչանան: Ամեն ինչ կախված է մթերքից: Օրինակ՝ եփած ձուն չի կարելի պահել մեկ օրից ավելի,  եփած ամբողջական միսը՝ մեկ շաբաթից, իսկ եթե այն կտրատված է եւ եփած, ապա դա շատ լավ միջավայր է մանրէների զարգացման համար:

Գաստրոէնտերոլոգի խոսքով, շուտ փչացող սննդամթերքից պատրաստվող ճաշատեսակները պետք է այնքան քանակությամբ պատրաստել, որ 24 ժամվա ընթացքում սպառվի, հակառակ դեպքում  մարսողական ուղու հիվանդությունների ռիսկը աճում է: Այդպիսի քմահաճ ամանորյա ճաշատեսակներին է պատկանում է բոլորի համար ախորժալի Օլիվյեն, որի մեջ կա ձու, եփած միս, թթու վարունգ, որոնք պահպանման հաջորդ օրն արդեն փչանում են:

Թարխանյանը նաեւ խորհուրդ չի տալիս նրբաբլիթները պատրաստել նոր տարուց մեկ շաբաթ առաջ, ավելի լավ է դա անել դեկտեմբերի  31-ին: Մինչդեռ, եթե տնային տնտեսուհիները ժամանակ չեն գտնում, ապա նախօրոք պատրաստված նրբաբլիթները պետք է պահել սառցարանում, այլ ոչ թե սառնարանում: «Բոլոր պատրաստ սննդամթերքները խորհուրդ է տրվում սառնարանում պահել առանձին-առանձին, եւ խառնել անմիջապես սեղանին մատուցելուց առաջ», - ընդգծեց Թարխանյանը, ավելացնելով, որ նույնիսկ խոզապուխտը ավելի լավ է գնել այնքան, որքան կուտվի մեկ օրվա ընթացքում, հակառակ դեպքում այն մի քանի օրվա ընթացքում կփչանա: «Տոնը չի նշանակում շատակերություն: Պետք է հոգով ուրախանալ, այլ ոչ թե սեղանի շուրջ շատակերությամբ զբաղվել»,- նշեց բժիշկը:

Իսկ եթե դուք ամեն դեպքում թունավորվել եք ամանորյա սեղանի շուրջ, ապա պետք է լվանալ ստամոքսը, մեծ քանակությամբ ջուր խմել եւ փսխում առջացնել: Այդ դեպքում շատ լավ օգնում է երկու լիտր ջուրը սոդայի հետ:  Մինչդեռ Թառխանյանը նշեց, որ ավելի լավ է բժշկի դիմել, հատկապես, եթե թունավորումն ուղեկցվում է լուծով եւ կղանքի մեջ արյունով:  Լուծի ժամանակ չի կարելի փորձել այն կանգնեցնել պատահական դեղամիջոցներով, քանի որ դա օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիմզն է, որի միջոցով օրգանիզմը փորձում է հեռացնել բոլոր անպետք եւ թունավոր նյութերը: Եթե լուծը 3-4  օրից ավելի է տեւում, ապա պետք է մասնագետի դիմել, ով համապատասխան բուժում կնաշանակի:

«Եթե մարդը չի հագենում, ապա դրա պատճառները պետք է փնտրել ծանր մանկության մեջ» ,- նկատեց բժիշկը, ավելացնելով, որ մարդիկ պետք է ի վերջո դադարեն  ահռելի քանակությամբ ճաշատեսակներով մեծ սեղաններ գցել՝ մրցելով միմյանց հետ, «թե ում ամանորյա սեղանն է ավելի ճոխ»:  Պետք է պատրաստել  եւ ուտել չափավոր քանակությամբ, այլ ոչ թե շատակերությամբ զբաղվել:  Ստամոքսի հետ խնդիրներ ունեցող մարդիկ հատկապես պետք է դա հաշվի առնեն եւ հետեւեն  գաստրոէնտերոլոգի նշանակած սննդակարգին: Որպեսզի ստամոքսը կարողանա ժամանակին եւ ճիշտ մարսել սնունդը, պետք չէ ուտելու ժամանակ ջուր խմել:

«Կերեք այն, ինչ կերել են մեր նախնիները:  Պետք չէ շատ ուշադրություն դարձնել էկզոտիկ ճաշատեսակների վրա»,- նշեց Թարխանյանը, ավելացնելով, որ Նոր Տարին սեղանին դրված տարօրինակ կենդանիների մսատեսակներով զարմացնելու առիթ չէ: