«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հայտ է ներկայացրել ՀՀ ԱՆ պատկանող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթներին մասնակցելու համար։

Այսօր, հուլիսի 10–ին, իր ֆեյսբուքում նա տեղադրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ Նարեկ Զեյնալյանի լուսանկարը և գրել. «Քո դեմքը, երբ ասում են, որ Պողոսյան Անուշը մասնակցելու է մրցույթին»։ Եվ թեգ անելով Հովհաննես Հարությունյանին, որը հասցրել է աշխատել առողջապահության, այնուհետև՝ տարածքային կառավարման փոխնախարար, հավելել է՝ «Hovhannes Harutyunyan լա՞վ եք, պարապո՞ւմ եք»։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Անուշ Պողոսյանը նշեց, որ այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու իրենից բացի հայտ է ներկայացրել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այս պաշտոնին հավակնում է նաև Հովհաննես Հարությունյանը, որը ժամանակին աշխատել է այդ կենտրոնում։ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է հուլիսի 25-ը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթին Անուշ Պողոսյանից բացի առայժմ ոչ ոք չի դիմել։ Դիմումների ընդունման վերջին ժամկետը հուլիսի 23-ն է։

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը այս պահին հայտարարել է մրցույթներ իր ենթակայության տակ գործող հետևյալ բուժհաստատությունների տնօրենների թափուր պաշտոնների համար.

«Քաջարանի բժշկական կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 28-ին ժամը` 10.30-ին

«Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 12-ին ժամը` 10.30-ին

«Էջմիածնի բժշկական կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 14-ին ժամը` 10.30-ին

«Արտաշատի բժշկական կենտրոն, մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 19-ին ժամը` 10.30-ին

«Մասիսի բժշկական կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 21-ին ժամը` 10.30-ին:

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 26-ին ժամը` 10.30-ին:

«Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանությանազգային կենտրոն», մրցույթը կանցկացվի 2025 թվականի օգոստոսի 28-ին ժամը` 10.30-ին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մրցույթը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 2-ին ժամը` 10.30-ին

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն, մրցույթը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը` 10.30-ին

Անուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այն մրցույթներին, որոնց համար նա հայտ չի ներկայացրել, պատրաստվում է մասնակցել որպես դիտորդ։ Նա նշեց՝ վստահ է, որ այս մրցույթներում, միեւնույնն է, հաղթելու են նախարարության թեկնածուները, բայց ինքը դիմել է այդ քայլին մրցույթների ընթացքում հնարավոր անօրինությունները բացահայտելու համար։

Հիշեցնենք, որ մարտի վերջին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ու Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեններ Արման Հովակիմյանն ու Նարեկ Մանուկյանը ազատվել էին աշխատանքից նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ծանր զրույցից հետո։ Պատճառը՝ պացիենտների կողմից «նվիրատվություններ» են եղել, որոնք բացահայտվել են ՊՎԾ–ի ստուգումների ժամանակ։ Այն ժամանակ արդեն որպես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի հավանական թեկնածու շրջանառվում էր Նարեկ Զեյնալյանի անունը, որը հետագայուն նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար։ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել նույն կենտրոնի Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի տնօրեններն կազատվե՞ն աշխատանքից 

Մանուկյանն ազատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից, նշանակվել է ԺՊ 

Նարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար