Շատ մարդկանց մոտ աշնանը նկատվում է տրամադրության անկում, որի հիմնական պատճառներից մեկը լուսավոր ժամերի կրճատումն է:

Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի կարծիքով՝ բնական է, որ եղանակի փոփոխություններն ազդում են մարդկանց հոգեկան վիճակի եւ տրամադրության վրա, քանի որ մարդը բնության մի մասն է: Ուղղակի կան մարդիկ, ովքեր արդյունավետորեն դիմակայում են այդ փոփոխություններին, եւ կան եղանակային փոփոխությունների նկատմամբ ավելի զգայուն մարդիկ. այստեղ մեծ դեր է խաղում մարդու խառնվածքը, անձնային կառուցվածքը, զբաղվածությունը, հետաքրքրությունների առկայությունը:

Ինչպե՞ս է կարելի խուսափել աշնանը հատուկ տրամադրության անկումից:

Հոգեբանը խորհուրդ է տալիս.

  • Օրվա ընթացքում արեւոտ ժամերը «բաց չթողնել»՝ շատ զբոսնել ցերեկով;
  • Գույնի, լույսի պակասը լրացնել՝ գույնզգույն եւ պայծառ հագուստի միջոցով;
  • Կյանքը նոր զգացողություններով հարստացնել;
  • Զբաղված լինել. որքան շատ ենք զբաղված, որքան վառ են տպավորություններն օրվա ընթացքում, այնքան, հոգեբանի խոսքով, փոքր է աշնանային դեպրեսիայի հավանականությունը:

Լիլիթ Բաղդասարյանը նաեւ նշել է, որ միշտ չէ, որ պետք է խուսափել տխրությունից, չէ՞ որ դա էլ է մարդուն հատուկ հոգեվիճակ, եւ միշտ ուրախ ու երջանիկ լինել հնարավոր չէ: Աշնանը, հոգեբանի խոսքով, մարդը նույնիսկ առանց դա գիտակցելու զգում է, որ տարին ավարտվում է եւ գալիս է ամփոփման մի փուլ, իսկ աշնան հետ եկող տխրությունը երբեմն հնարավորություն է տալիս վերանայել շատ հարցեր եւ գուցե որոշակի փոփոխություններ կատարել առօրյա կյանքում եւ մտածելակերպում: