Հաջորդ տարվա սկզբում Հայաստանում մեկնարկելու է սկրինինգային նոր ծրագիր՝ ուղղված երկրում մահացության հիմնական պատճառ հանդիսացող սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաեւ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը: Արդյո՞ք սկրինինգային այս ծրագիրը ինչ-որ բան կփոխի մեր երկրում եւ կօգնի նվազեցնել մահացությունը:
Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը նշել է, որ ծրագիրը կարող է շատ արդյունավետ լինել եւ իրոք նվազեցնել սիրտ-անոթային խնդիրներով պայմանավորված մահացությունը, եթե բուժաշխատողները ծրագրի շրջանակներում ոչ միայն ուղղակի չափեն մարդկանց ճնշումը եւ նրանց տուն ուղարկեն, այլ հասանելի կերպով բացատրեն, թե ինչով է վտանգավոր զարկերակային գերճնշումը եւ ինչու է կարեւոր հենց այսօր այն կարգավորել՝ չսպասելով, որ դրա պատճառով առողջական այլ խնդիրներ առաջանան:
Այսպիով, ծրագրի՝ արդյունավետ լինելու համար կարեւոր է թե բուժաշխատողի մոտիվացիան (ով պետք է հիվանդին ամեն ինչ բարեխղճորեն բացատրի), թե՝ հիվանդի (ով պետք է հասկանա եղած խնդիրների հետ պայքարելու կարեւորությունը եւ ակտիվորեն ներգրավվի իր բուժման պրոցեսի մեջ):
Հիշեցնենք, որ սիրտ-անոթային հիվանդություններով են պայմանավորված Հայաստանում բոլոր մահերի մոտ 50 տոկոսը: Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառներից մեկը զարկերակային գերճնշումն է, որի տարածվածությունը Հայաստանում կազմում է մոտ 30 տոկոս; այսինքն, յուրաքանչյուր երրորդ չափահաս մարդը ճնշման խնդիր ունի: Էլ ավելի մեծ խնդիրն այն է, որ զարկերակային գերճնշում ունեցող պացիենտների միայն 10 տոկոսն է բուժում ստանում եւ արդյունավետորեն հսկում իրենց ճնշումը:
Սկրինինգային նոր ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային Բանկի աջակցությամբ, հնարավորություն կտա հայտնաբերել զարկերակային գերճնշումը եւ սկսել վերահսկել այն; տեսականորեն տարիների ընթացքում դա կնվազեցնի սիրտ-անոթային հիվանդությունների թիվը եւ դրանց պատճառով մահացության ցուցանիշները:






