Մինչև 12 տարեկանը սմարթֆոն ունենալը կարող է մեծացնել կյանքի ուշ շրջանում հուզական խնդիրների զարգացման ռիսկը։ Այս եզրակացությանն են հանգել ամերիկյան Sapien Labs հետազոտական կազմակերպության գիտնականները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Journal of Human Development and Capabilities» ամսագրում (JHDC):

Global Mind Project նախագծի շրջանակներում մասնագետները վերլուծել են ավելի քան 100 հազար մարդու հոգեկան վիճակի մասին տվյալներ, որոնք եղել են մոտ 18-24 տարեկան և աշխարհի տարբեր երկրներից։ Մասնակիցներին հարցրել են, թե երբ են նրանք առաջին անգամ սկսել օգտագործել սմարթֆոն և որքան ժամանակ են անցկացրել էկրանի առջև։

Պարզվել է, որ նրանք, ովքեր առաջին գաջեթը ձեռք են բերել մինչև 12 տարեկանը, ավելի հաճախ են բախվում ինքնասպանության մտքերի, ագրեսիայի, ցածր ինքնագնահատականի, էմոցիոնալ անկայունության և իրականությունից կապը կորցնելու զգացողության հետ։ Այս կապը հատկապես արտահայտված է եղել աղջիկների մոտ։ Նրանց մոտ նկատվել է ինքնավստահության և սթրեսակայունության նվազում։

Գիտնականների խոսքով՝ հոգեկան առողջության համար բացասական ազդեցության մոտ 40%-ը պայմանավորված է կիբերբուլինգով (ինտերնետային ծաղրանք), քնի խանգարումներով և ընտանիքի լարված հարաբերություններով։ Հենց այս ռիսկի գործոններն են ավելի հաճախ նկատվել այն երեխաների մոտ, ովքեր ավելի վաղ են մուտք գործել սոցիալական ցանցեր։

Հետազոտողները շեշտում են, որ որքան ցածր է առաջին սմարթֆոնը ստանալու տարիքը, այնքան բարձր է հասուն տարիքում հոգեկան առողջության վատթարացման ռիսկը։ Պոտենցիալ վնասի մասշտաբները, ըստ նրանց, պահանջում են նախազգուշական միջոցներ՝ սկսած թվային գրագիտության դպրոցական ծրագրերից մինչև տարիքային սահմանափակումներ և գաջեթներից օգտվելու փուլային թույլտվություն։