Բրիստոլի համալսարանի գիտնականները մշակել են մոլեկուլները «շրջելու» մեթոդ՝ փոխելով դրանց տարածական կառուցվածքը։ Սա կարող է արմատապես պարզեցնել այն միացությունների սինթեզը, որոնք օգտագործվում են դեղամիջոցներում, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի դեղամիջոցներում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature» ամսագրում։

Տեխնոլոգիայի բանալին մոլեկուլների քիրալությունը փոխելու հնարավորությունն է. աջ պտտվող ձևերը ձախ պտտվողի վերածելը և հակառակը։ Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Վարինդեր Ագարվալի խոսքով՝ սա թույլ է տալիս ստեղծել այնպիսի դեղամիջոցների անվտանգ անալոգներ, ինչպիսին է տամոքսիֆենը։ Այս դեղամիջոցն օգտագործվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։

Գիտնականների խոսքով՝ հատկապես հետաքրքրություն են ներկայացնում տետրազամետված ալկենները՝ բարդ մոլեկուլներ, որոնց մեջ ածխածնի կրկնակի կապին միացված են չորս տարբեր խմբեր։ Դրանք կարևոր նշանակություն ունեն դեղագործության մեջ, սակայն դրանց սինթեզը ավանդաբար բարդ խնդիր է համարվում։

Ի սկզբանե, հետազոտողները փորձել են օգտագործել բորօրգանական եթերներ, սակայն միացությունները անկայուն են եղել։ Առաջընթաց է գրանցվել, երբ դրանք փոխարինվել են բորհիդրիդներով, որոնցով մոլեկուլները սկսել են «պտտվել» ինչպես հարկն է։

«Սա նման է մոլեկուլները Lego-ի մասերից հավաքելուն, կարելի է ազատորեն փոխել կառուցվածքը», - բացատրում է Ագարվալը։

Կոլորադոյի համալսարանում իրականացված համակարգչային մոդելավորումը հաստատել է, որ ալկենի երկրաչափությունը իսկապես հնարավոր է ակնթարթորեն փոխել՝ պարզապես ռեագենտ ավելացնելով։

Հետազոտության համահեղինակ Ռոբերտ Փաթոնը խոստովանում է. «Նման բան նախկինում ոչ ոք չի տեսել»։

Մեթոդն արդեն փորձարկվել է տամոքսիֆենի և γ-բիսաբոլենի (եթերայուղերի բաղադրիչ) մոլեկուլների վրա։ Այժմ գիտնականները հույս ունեն այն կիրառել նաև այլ ոլորտներում՝ սկսած նոր դեղամիջոցների մշակումից մինչև նախապես սահմանված հատկություններով նյութերի ստեղծումը։