Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի բժիշկները աշխարհում առաջին անգամ գրանցել են եզակի արյան խումբ՝ նոր հակածնով։ Հայտնագործությունը կատարվել է Կոլար շրջանից 38-ամյա հիվանդի սրտի վիրահատության նախապատրաստական աշխատանքների ժամանակ, հաղորդում է The New Indian Express-ը։

Սկզբում կնոջ մոտ որոշվել էր O Rh+ արյան խումբ, որը համարվում է ամենատարածվածը։ Սակայն O-դրական արյան ստանդարտ նմուշներից ոչ մեկը պիտանի չէր փոխներարկման համար։

Կոլար կլինիկայի վիրաբույժ Անկիտ Մաթուրի խոսքով՝ բժիշկները պարզել են, որ հիվանդի արյունը «պանռեակտիվ» է՝ անհամատեղելի բոլոր առկա թեստային նմուշների հետ։ Նրանք չեն կարողացել դոնոր գտնել կնոջ 20 հարազատների շրջանում։

Վիրահատությունը, ի վերջո, հաջող է անցել և առանց արյան փոխներարկման, սակայն կլինիկական դեպքի անսովորությունը գրավել է մասնագետների ուշադրությունը։ Նմուշներն ուղարկվել են Բրիստոլի (Մեծ Բրիտանիա) միջազգային արյան խմբերի հղման լաբորատորիա և Բանգալորի արյան կենտրոն։ Տասը ամիս տևած մոլեկուլային հետազոտություններից հետո գիտնականները հաստատել են CRIB անվամբ նոր հակածնի գոյությունը։ Անսովոր կլինիկական դեպք է ներկայացվել նաև 2025 թվականի հունիսին Միլանում կայացած Արյան փոխներարկման միջազգային ընկերության (ISBT) 35-րդ տարածաշրջանային կոնգրեսում։

Բանգալորի արյան կենտրոնը և Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհուրդը արդեն սկսել են կազմել հազվագյուտ արյան խմբեր ունեցող դոնորների գրանցամատյան, այդ թվում՝ նոր CRIB հակածնի պոտենցիալ կրողների։ Որոշ մասնագետներ կարծում են, որ մուտացիան կարող էր առաջանալ մտերիմ ազգականների միջև ամուսնությունների արդյունքում, որոնք դեռևս կիրառվում են Հնդկաստանի որոշ շրջաններում։