Կանացի հորմոնալ համակարգը ալկոհոլի բարձր չափաբաժիններին ավելի թեթև է արձագանքում, քան տղամարդու հորմոնալ համակարգը։ Սա կարող է լինել ներկառուցված կենսաբանական մեխանիզմ, որը պաշտպանում է պտղին հղիության վաղ փուլերում։ Այս եզրակացությանն են հանգել Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Ուսումնասիրությունը հրապարակվել է «Alcohol: Clinical & Experimental Research» (ACER) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 21-ից 25 տարեկան 66 երիտասարդ, այդ թվում՝ 35 կին։ Բոլոր մասնակիցները հիվանդության պատմության մեջ հոգեկան խանգարումներ չեն ունեցել և չեն չարաշահել հոգեակտիվ նյութերը։ Գիտնականները գնահատել են, թե ինչպես է ալկոհոլի կտրուկ ընդունումն ազդում օրգանիզմի ֆիզիոլոգիական և հորմոնալ ռեակցիաների վրա՝ ներառյալ սթրեսի մակարդակը։

Փորձարկվողները խմել են 20% սպիրտայնությամբ խմիչք։ Այնուհետև մասնագետները հետևել են նրանց արտաշնչած օդում ալկոհոլի մակարդակին, զարկերակային ճնշմանը, մարմնի ջերմաստիճանին, սրտի զարկերի հաճախականությանը, ինչպես նաև արյան մեջ սթրեսի հորմոնների կոնցենտրացիային։ Այս ցուցանիշները գրանցվել են հաջորդող ժամերի ընթացքում՝ մի քանի անգամ։

Չնայած տղամարդկանց և կանանց մոտ արբածության նմանատիպ մակարդակին, նրանց օրգանիզմները տարբեր կերպ են արձագանքել։ Տղամարդկանց մոտ նկատվել է զարկերակային ավելի բարձր ճնշում և սթրեսի հորմոնների՝ ինչպիսիք են՝ կորտիզոլը և կորտիկոտրոպինը, ավելի արտահայտված արտազատում։ Կանանց մոտ այդ փոփոխություններն ավելի քիչ են արտահայտվել։

Նույնիսկ վերլուծությունից հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունող կամ ստամոքս-աղիքային ախտանիշներ ունեցող կանանց բացառելուց հետո՝ ռեակցիայի սեռական տարբերությունները պահպանվել են։

Հետազոտողները կարծում են, որ այս արձագանքը կարող է լինել էվոլյուցիոն մեխանիզմի մի մաս, որը նվազագույնի է հասցնում սթրեսորների, այդ թվում՝ ալկոհոլի ազդեցությունը կնոջ վերարտադրողական համակարգի և պոտենցիալ զարգացող պտղի վրա: Այն նաև կարող է մասամբ բացատրել տղամարդկանց և կանանց սթրեսը ընկալելու և կախվածությունից ազատվելու տարբերությունները: