Գիշերվա կեսին հաճախակի արթնանալը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ սթրեսից և թթվային ռեֆլյուքսից մինչև ննջասենյակային ջերմաստիճան, Infobae-ին ասել է նյարդաբան Ստելլա Մարիս Վալենսին։
Մասնագետի խոսքով՝ քնի խանգարումների ամենատարածված պատճառը ուժեղ նյարդային լարվածությունն է։ Սթրեսը խաթարում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ հորմոնալ հավասարակշռությունը և նպաստում է նաև մղձավանջների ի հայտ գալուն։
Վալենսիի խոսքով՝ այլ հնարավոր պատճառներից են քնի ապնոէն, միզուղիների հետ կապված խնդիրները, թթվային ռեֆլյուքսը, որովայնի ավելորդ քաշը, մրսածությունը, բարձր ջերմաստիճանը և տարիքային փոփոխությունները:
Բժիշկը բացատրել է, որ քնի ժամանակ՝ հատկապես պառկած դիրքում, ստամոքսի թթուն կարող է գնալ կերակրափող։ Սա առաջացնում է կրծքավանդակում այրոցի զգացողություն, ցավ, հազ և կոկորդի ցավ, որը կարող է արթնացնել մարդուն նույնիսկ խորը քնի փուլում։
Երբեմն արթնացումները տեղի են ունենում նույնիսկ առանց ախտանիշների գիտակցման. ուղեղը լորձաթաղանթի գրգռմանը արձագանքում է որպես սպառնալիք և արթնացնում է մարդուն: Սա հատկապես հաճախ է պատահում առատ ընթրիքից հետո, ճարպակալման կամ թուլացած կերակրափողի սֆինկտերի դեպքում:
Տարիքի հետ մարդը բնական փոփոխություններ է ապրում ցիրկադային ռիթմերի կարգավորման մեջ. քնի հորմոնի՝ մելատոնինի մակարդակը նվազում է, խորը հանգստի փուլերի տևողությունը նվազում է: Արտաքին և ներքին խթանների նկատմամբ զգայունությունը նույնպես մեծանում է՝ աղմուկ, միզելու ցանկություն, ջերմություն և անհարմարություն:
Քնի որակը բարելավելու համար նյարդաբանը խորհուրդ է տալիս պահպանել կայուն ռեժիմ՝ նույն ժամին քնել և արթնանալ, երեկոյան խուսափել չափից շատ ուտելուց, հրաժարվել ալկոհոլից և անկողնում գադջեթներիղ օգտվելուց, զբաղվել ֆիզիկական գործունեությամբ և վերահսկել ննջասենյակի ջերմաստիճանը։






