Քերոլայնի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնք տարեց մարդկանց սթրեսի և հիվանդությունների նկատմամբ ավելի խոցելի են դարձնում: Գիտական աշխատանքը հրապարակվել է Nature Aging բժշկագիտական  հանդեսում:

Թուլակազմությունը վիճակ է, որի դեպքում օրգանիզմը կորցնում է դիմադրողականությունը և ավելի զգայուն է դառնում ընկնելու, հիվանդությունների և այլ արտաքին գործոնների նկատմամբ: Այն մեծացնում է հոսպիտալացման և մահվան ռիսկը, բայց թե ինչու են որոշ մարդիկ դրան ավելի շուտ բախվում, քան մյուսները, առ այսօր անհասկանալի էր:

Մեծ Բրիտանիայում և Ֆինլանդիայում գրեթե մեկ միլիոն մարդու ԴՆԹ-ն վերլուծելով՝ գիտնականները հայտնաբերել են հարյուրավոր գենետիկ տարբերակներ, որոնք առնչվում են թուլակազմության զարգացմանը: Ինչպես պարզվել է, կարևոր դեր են խաղում ուղեղի գործառույթները, իմունային համակարգն ու նյութափոխանակության համար պատասխանատու գեները:

«Թուլակազմությունը միայն մեկ պատճառով չի առաջանում: Դա բարդ գործընթաց է, որը ներառում է բազմաթիվ գեներ, և դրանցից մի քանիսը մենք հայտնաբերել ենք առաջին անգամ», - նշել է հետազոտության առաջատար հեղինակ պրոֆեսոր Յուլիա Յուլհավան:

Գիտնականների կարծիքով՝ գենետիկական մարկերների իմացությունը կօգնի վաղ փուլում՝ գուցե արդեն միջին տարիքում, նույնականացնել իմունային համակարգի կորստի բարձր ռիսկի ենթարկված մարդկանց, երբ այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կանխելու հնարավորություն կա։