Հայաստանի Հանրապետությունում առողջությն համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը դարձյալ հետաձգվում է։ Սկզբնական ծրագրով՝ ներդրումը պետք է տեղի ունենար փուլ առ փուլ։ 2023 թվականին նախատեսվում էր պատրաստել օրենսդրական հիմքը և ստեղծել պետական ապահովագրական հիմնադրամ. վերջինս առ այսօր չի ձևավորվել։

2024 թվականին պետք է մեկնարկեր փորձնական փուլը. նոր համակարգը՝ միասական ծածկույթով, պետք է փորձարկվեր պետական պատվերով սպասարկվող բոլոր խմբերի վրա։ 2025 թվականին համակարգին պետք է միանային կենսաթոշակառուները։ Սակայն այդ փուլը ևս դեռևս չի իրականացվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս հայտարարել է, որ օրենսդրական փաթեթն արդեն ամբողջությամբ մշակված է և ներկայում քննարկման փուլում է։ Ըստ նախարարի՝ համակարգի ներդրումը պետք է ավարտվի փուլ առ փուլ՝ առաջիկա երեք տարվա ընթացքում։

NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում Պետական առողջապահության գործակալության ղեկավար Սամվել Խարազյանը պատմել է պատրաստվածության ընթացիկ վիճակի, բարեփոխման իրականացման հնարավորությունների և հետաձգման պատճառների մասին։

Սկիզբը կախված կլինի բյուջեից և մեկնարկի ռազմավարությունից

Ըստ Պետական առողջապահական գործակալության ղեկավար Սամվել Խարազյանի՝ համապարփակ  ապահովագրության համակարգի ներդրման ժամկետների վրա ազդող առանցքային գործոններից մեկը բարեփոխումների ֆինանսական բաղադրիչն է: Նախագծի մշակմանը մասնակցում են տարբեր գերատեսչություններ, քանի որ խոսքը ոչ միայն առողջապահական համակարգի, այլև պետության բյուջետային պարտավորությունների ավելացման մասին է:

«Քանի որ բարեփոխումների շրջանակում 65 տարեկանից բարձր անձանց, հաշմանդամների և սոցիալապես խոցելի խմբերի ապահովագրավճարների 100% սուբսիդավորում է նախատեսվում, հարցը բախվում է ֆինանսավորման չափին,- պարզաբանեց Խարազյանը:- Այս ծախսերի պլանավորումը Ֆինանսների նախարարության իրավասության ներքո է, որը ելնում է ընդհանուր ֆինանսական համատեքստից»:

Պաշտոնյան նշեց, որ կառավարությունում ներկայում ինտենսիվ շաբաթական քննարկումներ են ընթանում: Ձևավորվում են շահառուների խմբեր, ճշգրտվում են սուբսիդիաների չափերը, մշակվում են ապահովագրական փաթեթներ: «Հուսով եմ՝ այս տարի մեկնարկի պայմանների և բնակչության տարբեր կատեգորիաների ներգրավման կարգի վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի: Օրինագիծը, ամենայն հավանականությամբ, տարեվերջին կներկայացվի խորհրդարան»,- հավելեց նա:

Խարազյանը պարզաբանեց, որ 2025 թվականի գարնանը կառավարությանը ներկայացված օրինագծի այժմյան նախագծում համակարգի գործարկումը նախատեսված էր 2026 թվականի հունվարից։ Սակայն ժամկետները կարող են փոփոխվել՝ կախված նրանից, թե փաստաթուղթը երբ կընդունվի։ «Չեմ կարծում, թե ներդրումը կհետաձգվի մինչև 2027 թվականը։ Ամենայն հավանականությամբ, որոշակի խմբերի համար ներդրումը ավելի վաղ կսկսվի։ Սակայն ամեն ինչ կախված կլինի քննարկումների արդյունքից և գործարկման ռազմավարությունից»,- ընդգծեց նա։

Ըստ Խարազյանի՝ առաջնահերթությունը ֆինանսապես առավել խոցելի անձանց ներառումն է։ «Առաջին հերթին համակարգում կներառվեն թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, անապահով ընտանիքները և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները։ Հենց նրանք պետք է առաջին հերթին բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան,- շեշտեց նա։- Ուստի առաջին փուլում համակարգի շահառուները կդառնան բնակչության այս կատեգորիաները»։

Ապահովագրական վճարների չափը կմնա ֆիքսված՝ 164,4 հազար դրամ

Ինչպես պարզաբանեց Առողջապահության գործակալության ղեկավար Սամվել Խարազյանը, 2023 թվականին i-draft հարթակում հրապարակված նախագծում ապահովագրական վճարների չափը տարեկան 164,4 հազար դրամ է սահմանվել։ Այդ գումարը մնում է անփոփոխ, և փաստաթղթի այժմյան նախագծում՝ ֆիքսված դրույքաչափի մոդելն, ըստ նրա, պահպանվում է։

«Միևնույն ժամանակ, քաղաքացիների մեծ մասի համար նախատեսված է սուբսիդավորման մեխանիզմ՝ կախված նրանց եկամտի մակարդակից։ Որոշ խմբերի համար այն կկազմի 100 տոկոս, մյուսների համար՝ մասնակի, օրինակ՝ 40% կամ 60%»,- պարզաբանեց Խարազյանը։ Ըստ նրա՝ նման համակարգի նպատակն անցումային շրջանում բնակչության վրա լրացուցիչ ֆինանսական բեռը նվազագույնի հասցնելն է։

Ինչ վերաբերում է գործատուների մասնակցությանը, օրինագիծը նրանց համար հատուկ ֆինանսական բեռ չի նախատեսում։ Դրա հետ մեկտեղ, գործատուները կարող են կամավոր կերպով պարտավորվել ամբողջությամբ կամ մասնակիորեն սուբսիդավորել իրենց աշխատակիցների ապահովագրական վճարները՝ որպես սոցիալական պատասխանատվության տարր և աշատատեղերի գրավչության բարձրացման միջոց։

«Որոշ գործատուներ արդեն իսկ այսօր նմանատիպ սոցիալական երաշխիքներ են տրամադրում,- նշեց Խարազյանը:- Հուսով ենք՝ դա ապագայում ավելի տարածված պրակտիկա կդառնա»: Նա հիշեցրեց, որ ըստ Հարկային օրենսգրքի՝ աշխատողների համար ապահովագրավճարների տեսքով վճարված գումարները գործատուն կարող է նվազեցնել հարկվող շահույթից, ինչը աջակցության նման ձևը դարձնում է ոչ միայն սոցիալական, այլև՝ տնտեսապես նպատակահարմար:

Խարազյանը խոստովանեց, որ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում անգամ 500 դրամը կարող է շոշափելի լինել քաղաքացիների բյուջեի համար: Ընդսմին, ըստ նրա, կարևոր է գնահատել ապահովագրավճարները ոչ միայն կարճաժամկետ բեռի տեսանկյունից, այլև ավելի լայն՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Խարազյանը շեշտեց, որ եթե այս ծախսերին նայենք հետադարձ հայացքով, ասենք՝ հինգ տարվա կտրվածքով, ակնհայտ է դառնում. ընդհանուր բեռը բավականին համեմատելի է ֆիքսված ապահովագրական վճարի հետ: «Հաճախ բժշկին արդեն առաջին այցելությունից հետո պարզ է դառնում, որ համակարգում գանձվող սոցիալական վճարը բժշկական ծառայությունների իրական ծախսերի համեմատ նվազ ծանր է»,- հավելեց նա:

Աշխատանքները տարվում են, սակայն գործընթացը երկարաժամկետ է

Ըստ Խարազյանի՝ այսօր առողջապահության ոլորտում ենթակառուցվածքների արդիականացման, անձնակազմի վերապատրաստման և թվային ինտեգրման ակտիվ աշխատանքները շարունակվում են: Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների կապիտալ վերանորոգում, ինչպես նաև՝ դրանց նյութատեխնիկական բազայի արդիականացում:

«Շենքային պայմանները բարելավվում են, սարքավորումների ցանկն ընդլայնվում է, շինարարական նախագծեր են իրականացվում: Դա ապահովագրության ներդրման համար համակարգը նախապատրաստելու կարևոր մասն է», - նշում է Խարազյանը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, աշխատանքներ են տարվում բժիշկների որակավորման բարձրացման ծրագրեր ստեղծելու ուղղությամբ: Արդեն մշակվել են առանձին կրթական մոդուլներ, ներառյալ՝ միասնական կլինիկական ուղեցույցները, որոնք պետք է հիմք ծառայեն ախտորոշման և բուժման միասնական չափորոշիչների համար: Դա, իր հերթին, կբարձրացնի բժշկական ծախսերի կանխատեսելիությունը։

Նա ընդգծում է, որ առողջապահության ոլորտում անհնար է իրականացնել համակարգի բոլոր ասպեկտները ներառող մեկ բարեփոխում. «Դրանք միշտ զուգահեռ գործընթացներ են: Տեխնոլոգիաները զարգանում են, մեթոդները՝ փոխվում, և համակարգը պետք է պատրաստ լինի դրան արագ արձագանքելուն»: Որպեսզի բժշկական օգնությունը մնա ժամանակակից և հասանելի, անհրաժեշտ է ապահովել համակարգի ճկունություն և կենտրոնացված ներդրումներ՝ ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ՝ մասնագիտական զարգացման մեջ։

Մասնավոր հատվածի դերը. լրացուցիչ ծառայություններ հիմնական փաթեթից դուրս

Ըստ Սամվել Խարազյանի՝ մասնավոր ապահովագրական հատվածն ակտիվորեն ներգրավված է բարեփոխման նախապատրաստման գործում: Մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները մասնակցել են կառավարությունում անցկացվող վերջին քննարկումներին, որտեղ ներկայացրել են իրենց հնարավորությունները և ոլորտում արդեն իրականացված նախագծերը։

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ։ Նրանք մասնակցել են քննարկումներին, ներկայացրել ընթացիկ ծրագրերը, և բարեփոխումներում իրենց դերը կպահպանվի»,- նշում է Խարազյանը։

Նա պարզաբանել է, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում մասնավոր ընկերությունները հիմնական պետական ապահովագրությունից բացի կարող են ծառայությունների լրացուցիչ փաթեթներ առաջարկել։ Համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը կծածկի միայն ծախսերի հիմնական, առանցքային ուղղությունները։

Ըստ Խարազյանի՝ առանքային փաթեթը ներառում է երեք հիմնական բաղադրիչ. մահվան հիմնական պատճառ հիվանդությունները՝ կանխարգելման, ախտորոշման և բուժման ընդգրկմամբ. այսպես կոչված «catastrophic health expenditures»՝ առաջին հերթին ուռուցքային և սրտանոթային հիվանդություններ, հանրային կարևոր ծառայություններ՝ վարակների, մասնավորապես՝ տուբերկուլյոզի դեմ պայքար, ինչպես նաև՝ շտապ բժշկական օգնություն։

«Օրինակ՝ հիմնական փաթեթի շրջանակում ատամնաբուժական ծառայություններ կամ պալիատիվ խնամքը նախատեսված չեն։ Այս և այլ ոլորտներ կարող են դառնալ մասնավոր ապահովագրողների պատասխանատվության ոլորտ, որոնք, ունենալով փորձ և ճկունություն, ի վիճակի կլինեն քաղաքացիներին ընդլայնված ծրագրեր առաջարկել»,- հավելել է նա։

Սամվել Խարազյանն ընդգծել է, որ բարեփոխման հիմնական նպատակը բժշկական ծառայությունների ուղղակի ծախսերի մոդելից անցումն է ապահովագրական վճարների տեսքով նախավճարային համակարգի։

«Քաղաքացին բժշկական օգնության համար չպետք է վճարի այն ստանալու պահին,- նշում է նա։ -Դրա փոխարեն նա ապահովագրական վճարներ կկատարի, իսկ անհրաժեշտության դեպքում պարզապես կներկայացնի իր ապահովագրական քարտը, ինչպես դա տեղի է ունենում շատ զարգացած երկրներում»։