Գլխուղեղի հաստացված կեղևը թույլ է տալիս, որ 80-ից բարձր տարիքի որոշ մարդիկ պահպանեն ճանաչողական ունակությունները 50-60 տարեկանների մակարդակում։ Այս եզրակացության են եկել ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի հետազոտողները։ Հետազոտության արդյունքների մասին հայտնում է BBC Science Focus-ը։
2000 թվականից հետազոտողները սկսել են ուսումնասիրել 290 փորձարկվողների օրգանիզմի առանձնահատկությունները, որոնք խորը ծերության մեջ գրեթե իդեալական մակարդակով պահպանել են հիշողությունն ու ուշադրության կենտրոնացումը։ Գիտնականները նաև դիահերձել են նրանցից 77-ի ուղեղը՝ ճանաչողական անկման նկատմամբ դիմադրողականության մեխանիզմները հասկանալու համար։
Նրանց մի մասի ուղեղում հայտնաբերվել են ամիլոիդ և տաու սպիտակուցներ՝ Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ «թիթեղիկներ» և «կծիկներ»։ Սակայն, ի տարբերություն տիպիկ դեպքերի, նման սպիտակուցների կուտակումը չի ուղեկցվել ուղեղի տիպիկ վնասվածքներով։
Բացի այդ, «գերծերացողների» մոտ գլխուղեղի կեղևը պահպանել է երիտասարդ մարդկանց բնորոշ հաստությունը։ Հատկապես նշվել է գոտկային առաջնային կեղևի պահպանումը՝ որոշումների կայացման, զգացմունքների և մոտիվացիայի համար պատասխանատու հատվածը։
Հետազոտողները նրանց մոտ հայտնաբերել են ֆոն Էկոնոմոյի նեյրոնների ավելցուկային քանակություն՝ իլիկաձև բջիջներ, որոնք ներգրավված են սոցիալական վարքագծում, զգացմունքային վերամշակման և ինքնագիտակցության մեջ։ Ֆոն Էկոնոմոյի նեյրոններն ապահովում են արագ կապ ուղեղի հատվածների միջև, օգնում են ակնթարթային ինտուիտիվ էմոցիոնալ արձագանքման և անորոշության պայմաններում արագ որոշումների կայացման հարցում։






