Դենգեի տենդը վիրուսային հիվանդություն է, որը փոխանցում են Aedes ցեղի մոծակները: Այն հատկապես տարածված է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Մարդկանց մեծ մասի շրջանում այն առաջացնում է բարձր ջերմություն, մկանների և հոդերի ուժեղ ցավ, ցան և ընդհանուր թուլություն: Սակայն կրկնվող վարակների դեպքում հիվանդության ծանր ձևի վտանգը մեծանում է, ինչը կարող է հանգեցնել արյան ճնշման վտանգավոր անկման, ներքին արյունահոսության և նույնիսկ մահվան:

Այդ առանձնահատկությունը բարդացնում է պատվաստանյութերի մշակումը. օրգանիզմը հակամարմիններ է արտադրում վիրուսի հետ առաջին անգամ հանդիպելիս, որոնք երբեմն չեն օգնում այլ տեսակի վիրուսով հաջորդ վարակի դեպքում, այլ ընդհակառակը, կարող են սրել հիվանդությունը՝ մի երևույթ, որը հայտնի է որպես հակամարմիններից կախված վարակի սրացում:

Արդյունավետ պաշտպանություն ստեղծելու եղանակը հասկանալու համար Միացյալ Նահանգներից և Ֆիլիպիններից գիտնականների միջազգային թիմը լայնածավալ հետազոտություն է անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine բժշկագիտական  հանդեսում:

Նրանք երկու տարի շարունակ դիտարկել են 9-14 տարեկան գրեթե երեք հազար երեխաների՝ Dengvaxia դեղամիջոցով պատվաստման արշավից առաջ, ընթացքում և հետո: Դա եզակի հնարավորություն էր համեմատելու համար, թե ինչպես է իմունային համակարգը գործում դենգեով վարակվածների և առողջ մնացածների օրգանզիմում՝ թե՛ պատվաստված, թե՛ չպատվաստվածների շրջանում: Գիտնականներն արյան նմուշներ են վերցրել և հետևել տարբեր տեսակի հակամարմինների առաջացմանը։

Հետազոտության հիմնական արդյունքը հակամարմինների՝ EDE-անման կոչվում հազվագյուտ խումբն է: Դրանք ճանաչում են վիրուսի մակերեսին որոշակի կառուցվածք, որը նույնն է դրա բոլոր չորս տեսակների համար: Այդ ունիվերսալ «պահապանները» հազվադեպ են հանդիպում երեխաների շրջանում առաջին վարակից հետո, բայց շատ ավելի հաճախ են հայտնվում նրանց շրջանում, ովքեր հիվանդացել են արդեն երկու կամ ավելի անգամ: Հենց նման հակամարմինների առկայությունն է կապված հիվանդության ավելի մեղմ ընթացքի և ծանր ձևի ավելի ցածր հավանականության հետ: Այլ կերպ ասած, վիրուսի հետ մի քանի շփումից հետո օրգանզիմը, կարծես, «մտածում» է ավելի ունիվերսալ պաշտպանություն ստեղծելու մասին։

Հայտնագործությունը հույսեր է ներշնչում հաջորդ սերնդի պատվաստանյութերի համար, որոնք կարող են անմիջապես խթանել այդ խաչաձև պաշտպանիչ հակամարմինների արտադրությունը՝ շրջանցելով վտանգավոր «կիսապաշտպանության» փուլը: Նոր մոտեցումը կարող է միաժամանակ օգնել բժիշկներին ավելի ճշգրիտ գնահատել, թե ով է իրականում ռիսկի խմբում և ով արդեն ունի ամուր իմունային պատնեշ: Այն երկրների համար, որտեղ դենգեն տարեկան սպառնալիք է, դա կարող է նշանակել ավելի անվտանգ, ավելի նպատակային անվարակելի դարձնելու ծրագրեր, որոնք կարող են հազարավոր կյանքեր փրկել։