Ռեգուլյար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է դանդաղեցնել մարմնի կենսաբանական ծերացումը և նույնիսկ մասամբ «ետ շրջել» այն։ Նման եզրակացության են եկել Ճապոնիայի Տոհոկու համալսարանի հետազոտողները՝ Տակուդզի Կավամուրայի գլխավորությամբ։ Աշխատանքը հրապարակվել է Aging-US ամսագրում։
Խոսքը էպիգենետիկ ծերացման մասին է՝ ԴՆԹ-ի մոլեկուլներում տեղի ունեցող փոփոխություններ, որոնք արտացոլում են, թե որքան արագ են մաշվում բջիջներն ու հյուսվածքները։ Այն չափվում է, այսպես կոչված, էպիգենետիկ ժամացույցի միջոցով, որը վերլուծում է ԴՆԹ-ի մեթիլացման մակարդակը։ Ի տարբերություն ժամանակագրական տարիքի՝ այս ցուցանիշը ավելի ճշգրիտ գնահատական է տալիս օրգանիզմի վիճակին և ուղղակիորեն կախված է կենսակերպից։
Մկների մոտ, որոնք անցել են ուժային մարզումների ծրագրեր՝ մկանային հյուսվածքում նվազել են տարիքային փոփոխությունները։ Մարդկանց մոտ ութշաբաթյա աերոբիկ և ուժային վարժությունների համալիրը նվազեցրել է կենսաբանական տարիքը երկու տարով։
Մարզումների ազդեցությունը տարածվում է ոչ միայն մկանների վրա։ Նոր տվյալները ցույց են տալիս, որ ֆիզիկական ակտիվությունը դանդաղեցնում է սրտի, լյարդի, ճարպային հյուսվածքի և նույնիսկ աղիքների էպիգենետիկ ծերացումը։ Ավելին, օլիմպիական մարզիկների մոտ մոլեկուլային ծերացումն ավելի դանդաղ է ընթանում, քան սովորական մարդկանց մոտ, ինչը վկայում է հնարավոր երկարատև պաշտպանական մեխանիզմների մասին։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ հետագա ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե ինչու են որոշ մարդիկ մարզումներին ավելի ուժեղ արձագանքում, քան մյուսները և ինչ տեսակի ակտիվությունն է առավել արդյունավետ տարբեր օրգանների համար։ Անհատականացված ծրագրերը կարող են առավելագույն արդյունքի հասնելու բանալին լինել։






