Լինչենպինգի համալսարանի գիտնականները մշակել են կենդանի բջիջներով նորարարական գել՝ «մաշկ ներարկիչի մեջ», որը կարող է կիրառվել այրվածքների բուժման ժամանակ փոխպատվաստման համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Healthcare Materials (AHM) բժշկագիտական հանդեսում:
Այրվածքների դեպքում հաճախ փոխպատվաստվում է միայն մաշկի վերին շերտը՝ էպիդերմիսը: Սակայն նման փոխպատվաստումը հանգեցնում է կոպիտ սպիների առաջացմանը, քանի որ բացակայում է ավելի խոր և ավելի բարդ շերտը՝ դերմիսը: Հենց դերմիսն է պարունակում մաշկի առաձգականության և պատշաճ գործունեության համար պատասխանատու արյան անոթներ, նյարդեր և մազի ֆոլիկուլներ:
Լաբորատորիայում դերմիս ստեղծելը բարդ խնդիր է, քանի որ այն բաղկացած է բազմաթիվ զանազան կառուցվածքներից: Գիտնականները նոր մոտեցում են առաջարկել. փոխպատվաստել «շինարական բլոկներ»՝ շարակցական հյուսվածքի բջիջներ (ֆիբրոբլաստներ), որոնք հեշտությամբ աճեցվում են լաբորատորիայում և կարող են վերածվել զանազան տեսակի բջիջների՝ կախված օրգանիզմի կարիքներից:
Դրա համար բջիջներն աճեցվել են փոքրիկ ժելատինե գնդիկների վրա, որոնք կազմով նման են մաշկի կոլագենին: Նման գնդիկներով գելը վերքի տեղում պահելու համար գիտնականներն այն խառնեցին հիալուրոնաթթվի հետ և քիմիական ռեակցիայի միջոցով միավորել են բաղադրիչները՝ ստեղծելով դիմացկուն և հեշտ քսվող նյութ՝ «մաշկ ներարկիչի մեջ»։
Գիտափորձի ընթացքում նման գելի փոքր թիթեղներ տպվեցին 3D տպիչի վրա և տեղադրվեցին մկների մաշկի տակ։ Բջիջները հաջողությամբ գոյատևեցին, սկսեցին արտադրել նյութեր՝ նոր դերմիս ստեղծելու համար, և փոխպատվաստումների ժամանակ ձևավորվեցին արյան անոթներ՝ կարևոր քայլ օրգանիզմում հյուսվածքների գոյատևման համար։
Գիտնականների գնահատմամբ՝ այս նյութը խոստանում է այրվածքներով բուժառուների մոտ լիարժեք մաշկը վերականգնելու արդյունավետ միջոց դառնալ: Սակայն նոր տեխնիկայի արդյունավետությունը հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ։






