Միչիգանի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը պարզել է, որ ուղեղը ցածր ջերմաստիճաններն ընկալում է մասնագիտացված զգայական շղթայի միջոցով, որը զանազանում է ջերմությունը «համակարգող» ուղիներից։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Communications (NatCom) բժշկագիտական  հանդեսում։

Նախկինում ընդունված էր համարել, որ բոլոր ջերմաստիճանային ազդանշանները՝ ցուրտը և տաքը, ուղեղին փոխանցվում են ընդհանուր ալիքով, գրում է Planet Today-ը։ Սակայն նոր նախագիծը ցույց է տվել, որ առանձին նեյրոնային շղթաներն աշխատում են ցուրտը նույնականացնելու համար, և դա հնարավորություններ է բացում ջերմաստիճանի ընկալման խանգարումների ավելի հստակ ըմբռնման և ապաքինման համար։

Փորձարկումները կատարվել են մկների վրա՝ օգտագործելով պատկերագրական տեխնոլոգիաներ, էլեկտրաֆիզիոլոգիական մոնիթորինգ և գենետիկական վերլուծություն։ Հետազոտողներին հաջողվել է մաշկի հատուկ ընկալիչներ հայտնաբերել, որոնք ակտիվանում են 15-25 °C ջերմաստիճանում։ Դրանք գրգռում են ողնուղեղին ազդանշաններ փոխանցող զգայական նեյրոնները,  որտեղ դրանք ուժեղացվում են՝ նախքան ուղեղ ուղարկելը։

Գիտնականները սառը ընկալիչների հայտնաբերման համար 2021 թվականին արժանացել են Նոբելյան մրցանակի։ Սակայն ողնուղեղի միջնեյրոնների դերի հետազոտությունը սառը ազդանշանի ուժեղացման ալգորիթմում նոր քայլ էր զգայական համակարգերի հասկացման գործում: Փորձագետներն անջատել են այդ բջիջները մկների մոտ և տեսել, որ կրծողները դադարել են արձագանքել ցրտին, սակայն նրանց զգայունությունը ջերմության նկատմամբ պահպանվել է: Դա նշանակում է, որ սառը ազդանշանների փոխանցման ուղիները եզակի են, եզրակացնում են գիտնականները։

Այժմ թիմը նախատեսում է հետազոտել սառը շղթայի փոխազդեցությունն այլ զգայական համակարգերի, մասնավորապես՝ ցավ և քոր առաջացնող շղթաների հետ: Գիտնականները մտածում են նաև հայտնագործության գործնական կիրառման մասին: Օրինակ, քիմիաթերապիայի ժամանակ մարդիկ հաճախ տառապում են սառը ալոդինիայից, այսինքն՝ նրանք ցավոտ են արձագանքում նույնիսկ թույլ սառեցմանը: Նման մեխանիզմների ըմբռնումը կօգնի կողմնակի ազդեցություններից խուսափելու ունակ նոր թերապիաներ մշակել: