Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ միայնությունն ազդում է ոչ միայն տրամադրության, այլև անհատականության, ուղեղի աշխատանքի, իմունային համակարգի և նույնիսկ երազների վրա։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Nature Human Behaviour (NHB) բժշկագիտական  հանդեսում։

Մենակությունն ավելի ու ավելի հաճախ անվանում են ոչ միայն տհաճ զգացողություն, այլև գործոն, որը կարող է փոխել մարդուն ներսից։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ երկարատև սոցիալական մեկուսացումն ազդում է ոչ միայն տրամադրության, այլև անհատականության գծերի, ֆիզիոլոգիայի և նույնիսկ նրա վրա, թե ինչպես է ուղեղը մշակում սոցիալական տեղեկությունները։

ԱՄՆ-ում տարեց մարդկանց լայնածավալ հարցումները ցույց են տվել, որ նրանք, ովքեր շարունակ միայնակ են զգում, ժամանակի ընթացքում դառնում են ավելի քիչ շփվող, նվազ կարգապահ և ավելի անհանգիստ։ Գիտնականները նշում են, որ փոփոխություններն ազդում են բնավորության հիմնական գծերի, և ոչ միայն ներկա տրամադրության վրա։

Այլ հետազոտություններ միայնությունը կապում են հուզական անկայունության և բացասական ինքնագնահատականի հետ. նման մարդիկ ավելի հակված են իրենց ընկալել որպես սիրելիների բեռ։ Ֆիզիոլոգիական մակարդակում միայնությունն ուղեկցվում է իմունային պատասխաններում և բորբոքային գործընթացներում ներգրավված սպիտակուցների մակարդակի փոփոխություններով։ Դա կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի առաջացման վտանգը։

Միայնության ազդեցությունը զգացվում է նույնիսկ քնի մեջ. ամերիկացի հոգեբանների կարծիքով, միայնակ մարդիկ ավելի հակված են մղձավանջներ տեսնելուն, իսկ նրանց հանգիստը պակաս վերականգնողական է: Նեյրոպատկերագրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման մարդկանց ուղեղը տարբեր կերպ է արձագանքում ծանոթ մարդկանց և նույնիսկ հորինված կերպարներին: Որոշ դեպքերում իրական և «կեղծ-սոցիալական» կապերի միջև սահմանը մշուշոտ է, և ուղեղը գրեթե նույնականորեն է մշակում մտերիմներին և հեռուստատեսային կերպարներին:

Դեռահասները հատկապես խոցելի են. Միացյալ Նահանգներում ավելի քան 11 հազար մարդու երկարատև դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ 15 տարեկանում միայնությունը զգալիորեն մեծացնում է դեպրեսիայի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման ռիսկը չափահասակության շրջանում:

Գիտնականները նշում են, որ միայնությունը չի կարելի համարել պարզապես ընկերակցության պակաս: Դա բարդ և բազմաշերտ փորձառություն է, որն աստիճանաբար փոխում է մարդու զգացողությունները, մտածելակերպը և աշխարհի հետ փոխազդեցությունը: